Հայաստանում աճել են գորգերի արտադրության ծավալները
2015 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի արտադրություն աճել է 19.1%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա առաջին կիսամյակում արտադրվել է 23.7 տոննա գորգ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 19.9 տոննա:
ԱՎԾ-ի տվյալներով՝ այս տարվա հունվար-հունիսին մեր երկրում 53.9 %-ով աճել է նաև տրիկոտաժեղենի արտադրության ծավալները. առաջին կիսամյակում արտադրվել է 1 732.0 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2014թ-ի հունվար-հունիսին՝ 1 125.2 հազ. հատ:
Հունվար-հունիսին 37.6 տոկոսով աճել են նաև գուլպեղենի արտադրության ծավալները. նշված ժամանակահատվածում արտադրվել է 3 356.6 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2014թ-ի հունվար-հունիսին՝ 2 439.0 հազար զույգ:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում միայն նվազել են բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Եթե 2014թ-ի առաջին կիսամյակում հանրապետությունում արտադրվել է 7,8 տոննա բամբակյա գործվածք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 4,2 տոննա, ինչը 46.2 տոկոսով պակաս է: