Քոնթուր Գլոբալը և ՀՀ կառավարությունը հայտարարել են Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի ձեռքբերման մասին
Քոնթուր Գլոբալը և Հայաստանի Հանրապետությունը հայտարարել են Որոտան գետի ափին, Հայաստանի հարավում տեղակայված՝ 405 մՎտ ընդհանուր հզորության երեք հիդրոէլեկտրակայաններից բաղկացած Որոտանի հիդրոկասկադի առուվաճառքի գործարքի ավարտի մասին: Այս մասին հայտնում են Քոնթուր Գլոբալ ընկերության մամուլի ծառայունից:
Քոնթուր Գլոբալը նաև հայտարարել է, որ Համաշխարհային Բանկի Խմբի անդամ Միջազգային Ֆինանսական Կորպորացիան ձեռք է բերել ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ ընկերության բաժնետոմսերի 20%-ը՝ Որոտանի հիդրոկայանների գնման, շահագործման և վերականգնման գործընթացին նպաստելու նպատակով: Սույն նախագծի նպատակն է բարձրացնել էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունը և ամրապնդել երկրի էներգետիկայի ոլորտը:
Սա Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր միանվագ ներդրումն է և ԱՄՆ առաջին ներդրումը Հայաստանի էներգետիկայի ոլորտում: Որոտան հիդրոկասկադը կազմում է ՀՀ էլեկտրականության համակարգի դրվածքային հզորության մոտ 15%-ը և բավարար էլեկտրականություն է թողարկում 250000 տնտեսություններ էլեկտրաէներգիայով ապահովելու համար:
Համաձայնագրի պահանջներին համապատասխան՝ ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադը սեփականության իրավունքով շահագործելու է Որոտանի ափին գնտվող երեք հիդրոէլեկտրակայանները և էլեկտրականության առուվաճառքի երկարաժամկետ պայմանագրի շրջանակներում՝ Հայաստանի էլեկտրական ցանցին մատակարարելու է էլեկտրականություն:
Կայանների արդիականացման, դրանց շահագործման ցուցանիշների, տեխանվտանգության, հուսալիության և արդյունավետության բարելավման նպատակով՝ մոտակա վեց տարիներին ՔոնթուրԳլոբալը նախատեսում է կատարել 50 միլիոն եվրոյի չափով ներդրում: Ի հավելումն կայաններում աշխատող տեխնիկական ոլորտի 150 հիմնական աշխատողների՝ ՔոնթուրԳլոբալը ակնկալում է արդիականացման գործընթացի արդյունքում որոշակի ժամկետով ստեղծել ևս 150 աշխատատեղ:
Ընկերության խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտը հայտարարել է, որ ընկերությունը հանձնառություն է ստանձնել լինել Հայաստանի Հանրապետության հուսալի և արդյունավետ գործընկերը. «Ուրախ ենք հայտարարելու Որոտանի առուվաճառքի գործարքի ավարտի մասին և առ այն, որ համասեփականության իրավունքով որպես գործընկեր է հանդես գալու Միջազգային Ֆինանասական Կորպորացիան: Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ կառավարությանը վստահության համար և ակնկալում ենք ունենալ զգալի և կայուն ներդրում երկրի առանցքային ենթակառուցվածքում: Նաև ուրախ ենք շարունակել գրեթե մեկ տասնամյակ տևող, զարգացման միջազգային նախագծերում ներդրումներ կատարելու մեր համագործակցությունը Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի հետ»:
«Մենք ուրախ ենք ավարտել գործարքը ՔոնթուրԳլոբալի հետ, որը ստուգված և փորձառու սեփականատեր է և ողջ աշխարհում էներգարտադրող օբյեկտների օպերատոր: Մենք համոզված ենք, որ ՔոնթուրԳլոբալ ընկերությունը հաջողությամբ կկառավարի և գերազանց շահագործման վիճակում կպահի այս կարևոր էներգետիկ համալիրը: Մենք նաև գոհ ենք ընկերության ներդրումային ծրագրերից. այդ կապիտալ ներդրումները թույլ կտան առաջիկա տարիներին բարձրացնել Հայաստանի էներգետիկայի համակարգի կայունությունը, անվտանգությունն ու արտադրողունակությունը», - հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
«Մասնավոր բիզնեսի մասնակցությունը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի գլխավոր ենթակառուցվածքային խնդիրների լուծման գործում, և այս գործարքը կարևոր քայլ է այդ ուղղությամբ”, - նշել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Տոմաշ Տելման: «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի» նախատեսվող վերակառուցումը ավելի մատչելի կդարձնի էլեկտրաէներգիան և աջակցություն կապահովի էներգետիկ ինքնավարության նպատակների իրագործմանը»:
Նոր ձեռքբերումը կհամալրի ՔոնթուրԳլոբալ ընկերության վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման նախագծերի պորտֆելը, որն այսօրվա դրությամբ ներառում է 1000մՎտ ընդհանուր հզորության հիդրո-, արևային, հողմային էլեկտրակայաններ և կենսագազի արտադրության կայաններ Լատինական Ամերիկայում, Եվրոպայում և Աֆրիկայում: