Հայաստանում շոգերն աննախադեպ են
Տևականության առումով` այս տարի Հայաստանում շոգերն աննախադեպ են. օդերևութաբանական պատմության մեջ Հայաստանում վերջին 170 տարիների ընթացքում նման տևական շոգեր չեն եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքերով՝ հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում գրանցվել է երեք խոշոր ջերմային ալիք, որոնք հանրապետություն են ներթափանցել Սաուդիան Արաբիայի տարածքից: Առաջինը եղել է հուլիսի 1-ից 10-ը, երբ օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովիտներում բարձրացել է 39-40 աստիճան, իսկ առանձին օրերին Երևանում գրանցվել է 41 աստիճան տաքություն:
Այնուհետև այդ ալիքը ընդհատվել է, սակայն հուլիսի 25-ից սկսվել է երկրորդ ջերմային ալիքը, որը տևել է մինչև օգոստոսի 6-ը: Արդյունքում, օդի ջերմաստիճանը բարձրացել է 39-40 աստիճան, առանձին հատվածներում գրանցվել է 41 աստիճան, իսկ Մեղրիում ջերմաստիճանը հասել է մինչև 42 աստիճան:
Գ.Սուրենյանի խոսքերով՝ օգոստոսի 7-ից օդի ջերմաստիճանը նվազել է և արդեն ամսի 8-ին և 9-ին մայրաքաղաքում գրանցվել է 33-34 աստիճան տաքություն:
Սակայն օգոստոսի 10-ից սկսվել է երրորդ ջերմային ալիքը, որը հանրապետություն է ներթափանցել Իրաքի տարածքից: Այսպիսով, օգոստոսի 11-ին,12-ին և 13-ին Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը բարձրացել է 40 աստիճան: Օգոստոսի 13-ին Երևանում (Արաբկիր կայանում) գրանցվել է 40,6 աստիճան տաքություն, իսկ Էրեբունի օդերևութաբանական կայանում՝ 40,8 աստիճան:
Գ.Սուրենյանը նշեց, որ օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 6-ից 7 աստիճանով:
Ինչ վերաբերում է առաջիկա օրերի կանխատեսումներին, ապա առաջիկա հինգ օրերին առանձնապես լուրջ կլիմայական փոփոխություններ չեն սպասվում: Ամենաշոգ օրերը կլինեն օգոստոսի 15-ը և 16-ը, երբ օդի ջերմաստիճանը կտատանվի 40-41 աստիճանի սահմաններում: Ի դեպ, 40-41 աստիճանի տևողությունը, եթե նախորդ շրջանում տևել է 1-2 ժամ, ապա այս օրերին կերկարի և կտևի ավելի քան 3 ժամ:
Բացի այդ, Գ.Սուրենյանի փոխանցմամբ, սպասվում է գիշերային ջերմաստիճանի բարձրացում: Եթե նախորդ երկու օրերին Երևանում գիշերային ջերմաստիճանը տատանվել է 22-23 աստիճանի սահմաններում, ապա օգոստոսի 15-16-ին օդի ջերմաստիճանը գիշերը 27-28 աստիճանից չի նվազի:
Գ.Սուրենյանը նաև նշեց, որ օգոստոսի 17-ին և 18-ին օդի ջերմաստիճանը 1-ից 2 աստիճանով կնվազի՝ տատանվելով 39-40 ատիճանի սահմաններում: Սակայն օգոստոսի 19-ին օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա, ինչի արդյունքում օգոստոսի 19-ին, 20-ին և 21-ին ջերմաստիճանը կհասնի 40-41 աստիճանի:
Վիճակագրական տվյալների համաձայն, ինչպես նշում է մասնագետը, Երևանում 40 աստիճան տաքություն գրանցվում է հինգ տարին մեկ անգամ, իսկ այս տարի մոտ 10 օր օդի ջերմաստիճանը եղել է 40 և ավելի:
Նա նաև հայտնեց, որ ամենաշոգը կլինի Սյունիքի հովտային գոտիներում, մասնավորապես, Մեղրիի ու Ագարակի հատվածում, որտեղ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 42 աստիճանի: Իսկ ամենազովը կլինի Լոռիում, Շիրակում, Գեղարքունիքում և Վայոց Ձորի լեռնային հատվածներում: Թեև այդ շրջաններում նույնպես այս օրերին գրանցվել է բարձր ջերմաստիճան:
«Ազգաբնակչությանը հորդորում ենք ցերեկային ժամերին խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթներից, օգտագործեն շատ հեղուկներ և օրգանիզմը ազատեն ավելորդ ծանրաբեռբվածությունից, քանի որ եթե օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու մարմնի միջին ջերմաստիճանը, այսինքն՝ 36,5 աստիճանը, ապա օրգանիզմն ընկնում է ջերմային սթրեսի մեջ»,- ասաց Գ.Սուրենյանը: