Orange Հիմնադրամի աջակցությամբ Ապարանի առողջարանային ճամբարը հյուրընկալել է աուտիզմով երեխաների
Արդեն վեցերորդ տարին անընդմեջ Orange Հիմնադրամի աջակցությամբ Երևանից և ՀՀ մարզերից աուտիզմով երեխաներ խնամակալների և դաստիարակների ուղեկցությամբ իրենց ամառային հանգիստն անցկացնում են Ապարանի ամառային առողջարանային ճամբարում: Անհրաժեշտ բուժում ստանալուն զուգահեռ` ճամբարում այս երեխաները վայելում են բազմազան խաղերով և միջոցառումներով լեցուն ժամանցային առօրյա: Այս մասին հայտնում են Orange Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Մեր համագործակցության վեց տարիների ընթացքում «Արաբկիր» բարեգործական հիմնադրամի հետ փորձել ենք ստեղծել այնպիսի միջավայր, որը կնպաստի աուտիզմով երեխաների ինտեգրմանը հասարակություն: Ամառային ճամբարը հատկապես կարևոր է այդ նպատակին հասնելու համար, քանի որ այստեղ նրանք իրենց ամբողջ օրն անցկացնում են ուրիշ երեխաների հետ, միասին սովորում, միասին խաղում և հանգստանում», - ասել է Orange-ի Հաղորդակցության գծով տնօրեն Արամ Մկրտչյանը:
Այս տարի «Օգնենք աուտիզմով երեխաներին» ծրագրի շրջանակներում Orange Հիմնադրամը նաև ֆինանսավորելու է հատուկ բջջային հավելվածի ստեղծումը, որը կունենա հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներ և կդառնա աուտիզմով երեխաների համար ստեղծված առաջին հայալեզու հավելվածը՝ ինչպես Android, այնպես էլ iOS պլատֆորմների համար: Հավելվածի ստեղծման վրա աշխատում են հայ ծրագրավորողներ՝ բժիշկ-մասնագետների հետ համագործակցությամբ: Այն գլխավորապես հիմնված է լինելու PECS մեթոդի վրա, որը Պատկերների միջոցով հաղորդակցման համակարգ է և այսօր լայնորեն օգտագործվում է աշխարհում աուտիզմով երեխաների հաղորդակցական հմտությունները զարգացնելու համար:
«Օգնենք աուտիզմով երեխաներին» ծրագրի շրջանակներում 2010թ. ի վեր կազմակերպվել են հատուկ վերապատրաստման դասընթացներ բուժանձնակազմի, մանկավարժների, աշակերտների և աուտիզմով երեխաների ծնողների համար՝ նպատակ ունենալով ներդնել աուտիզմի վաղ ախտորոշման ու բուժման ժամանակակից մեթոդներ, ինչպիսիք են CHAT և ADOS թեստերը, ինչպես նաև բարձրացնել իրազեկությունն աուտիզմի մասին: Ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է աջակցել աուտիզմով ախտորոշված երեխաների ինտեգրմանը հասարակություն՝ ընձեռելով նրանց մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություններ: 2013 և 2014 թվականներին առաջին նման փորձը գրանցվեց. Երևանի ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում կազմակերպվեց աուտիզմով արդեն երկու երեխայի մասնագիտական կրթությունը: 2014թ. ստեղծվել է ինտեգրված ծառայությունների մի համապարփակ համայնքային մոդել: Մալաթիա- Սեբաստիա համայնքի մանկապարտեզն ու դպրոցը համապատասխանեցվել են աուտիզմով երեխաների կարիքներին՝ համալրվելով անհրաժեշտ պարագաներով: Համապատասխան գիտելիքներ և փորձ է փոխանցվելով աուտիզմով երեխաների կրթական գործընթացում ներգրավված դաստիարակներին և մանկավարժներին:
«Արդեն վեց տարի է՝ Orange Հիմնադրամի աջակցությամբ իրականացնում ենք այս հրաշալի ծրագիրը, որը թույլ է տալիս համապատասխան պայմաններ ստեղծել աուտիզմով երեխաների սոցիալական ինտեգրման և նրանց կյանքի որակի բարելավման համար: Վերջապես մեզ հաջողվեց կոտրել այն կարծրացած պատկերացումները, որոնք գոյություն ունեին մեր հասարակության մեջ աուտիզմի մասին: Շնորհիվ քրտնաջան թիմային աշխատանքի՝ հաջողվեց ստիպել հիվանդությանը նահանջել և ստանալ առաջին դրական արդյունքները՝ խնամել, կրթել և աշխատանքով ապահովել աուտիզմ ունեցող անձին:
Կցանկանայի նաև նշել, որ այս տարի ամառային առողջարանային ճամբարում հատուկ մանկավարժների և հոգեբանների հետ միասին որպես կամավոր աշխատում են նաև աուտիզմով երիտասարդներ, որոնք նախորդ տարիներին Orange Հիմնադրամի շնորհիվ հանգստացել են այս ճամբարում:
Ճամբարը տալիս է նաև մի մեծ հնարավորություն, որ մենք աշխատենք ոչ միայն երեխաների, այլև ծնողների հետ: Մենք կարողացանք հասնել նրան, որ կատարվող անհատական և խմբային աշխատանքների շնորհիվ աուտիզմով երեխաների մեծամասնությունն իրենց առանձնահատկություններով մեկտեղ կարողացավ այս կամ այն աստիճանով ինտեգրվել դպրոցական կրթության և հասարակության մեջ»,-նշել է «Արաբկիր» Բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Պրոֆ. Արա Բաբլոյանը: