Թուրքիան միջազգային կոալիցիայից դուրս ԻԼԻՊ-ին չի հարվածի
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները համաձայնվել են ԱՄՆ-ի առաջարկին՝ Սիրիայում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ ինքնուրույն, միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի գործողություններից դուրս օդային հարվածներ չիրականացնել: Այս մասին հայտնում է «Տասս» գործակալությունը:
«Մենք Թուրքիայի իշխանություններին խնդրել ենք ինքնուրույն օդային հարվածներ չիրականացնել Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ, քանի դեռ Թուրքիան ամբողջությամբ չի ինտեգրվել միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի կազմում, որպեսզի կոալիցիայի համար շատ խիտ օդային տարածքում ապահովի անցկացվող օդային գործողությունների անվտանգությունը: Եվ թուրքերը համաձայնվել են»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Քիրբին:
Նրա խոսքով, Վաշինգտոնը և Անկարան շարունակում են աշխատել թուրք-սիրիական սահմանին ԻԼԻՊ-ի սպառնալիքները վերացնելու դեմ:
Նշենք, որ հուլիսի վերջին Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ ակտիվ մասնակցելու են ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի օդային գործողություններին, իսկ մի քանի օր առաջ ԱՄՆ-ն առաջին անգամ Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ օդային հարվածներ իրականացրեց Թուրքիայի տարածքից: