Երևանում անցկացվել է «Yerevan Color Run» վազքարշավը (լուսանկարներ)
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» ծրագրի միջոցառումների շրջանակում «Run Armenia» նախագծի, «Սթրիթ վորկաութ» մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքում կազմակերպվել է «Yerevan Color Run» գունազարդ վազքարշավը:
Ի դեպ, նախաձեռնողներից «Սթրիթ վորկաութ» կազմակերպությունը նաև Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հարակից տարածքից մեկնարկած արշավի գլխավոր նպատակը հատկապես երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպը խթանելն ու զանգվածայի նսպորտը, մասնավորապես `վազքի մշակույթը զարգացնելն է: Նմանատիպ արշավներ կազմակերպվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում և Չինաստանում:
Սովորական վազքարշավների համեմատ այս միջոցառումը ոչ միայն մարզական ուղղվածություն ունի, այլ նաև դիտարկվում է որպես զվարճանք, քանի որ վերջում վազորդները պատվում են կերակրի համար նախատասված գունավոր փոշով, սակայն անվտանգ նյութերով:
Չնայած վազքարշավի վաղ առավոտյան մեկնարկին ու աննախադեպ շոգ եղանակին՝ մասնակիցների պակաս չի զգացվել և վազքին մասնակցել են ավելի քան 1200 վազորդներ: Լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկները պարգևատրվել են:
Մասնակիցներից Սոնա Հակոբյանը Panorama.am-ին պատմեց, որ այսօր իր ծննդյան օրն է և շատ ուրախ է, որ այս գունավոր ու ուրախ միջավայրում անցկացրեց այն. «Ընտիր էր. ուրախ եմ, որ համընկավ ծննդյանս օրվա հետ... մյուս տարի էլ անպայման մասնակցելու եմ»:
Տաթև Մելիքյանն էլ ասում է, թե շատ գովելի է, որ այսօրվա վազքի շնորհիվ հավաքված ողջ գումարը տրամադրելու են 9-ամյա երեխայի բուժման համար. «Հուսով եմ նաև, որ նման միջոցառումները կնպաստեն, որ առավոտյան մեր քաղաքում տեսնենք վազող մարդկանց: Վազքը առողջություն է. ընդհանրապես մարդ պիտի վազի քանի դեռ առողջ է, թէ չէ հետո ստիպված կլինի վազել բժիշկների հետևից»:
«Գունավորված» Անահիտ Սամսոնյանը ևս տպավորված էր. «Շատ ուրախ, գունավոր, հավեսով, թռվռունչիկ վազք էր,
միայն թե հետո տաքսիստները տեսնում, վախենում էին կանգնել: Զարմանալի է, բայց փաստորեն, որ ուզում է, քաղաքապետարանը լավ գաղափարների էլ է աջակցում»:
Լուսանկարները՝ քաղաքապետարանի պաշտոնական էջից և սոցիալական ցանցերից: