Շոգի պատճառով 20-30 տոկոսով ավելացել է սրտամկանի ինֆարկտով հիվանդների թիվը
Այս տարի Հայաստանում շոգերն աննախադեպ են և ինչպես մասնագետներն են նշում՝ օդերևութաբանական պատմության մեջ Հայաստանում վերջին 170 տարիների ընթացքում նման տևական շոգեր չեն եղել:
Շոգը հատկապես դժվար են տանում խրոնիկ հիվանդություններ և սրտանոթային համակարգի անբավարարություն ունեցող մարդիկ ու երեխաները:
«Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական, կլինիկայի ղեկավար Մարինե Օրդյանը Panorama.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ սովորաբար սիրտ-անոթային հիվանդություններն ամռանը սրվում են, սակայն այս տարի աննախադեպ շոգի պատճառով ավելացել են սրտամկանի ինֆարկտով և զարկերակային ճնշման խնդիրներով սրտաբաններին դիմող հիվանդների թիվը։
Ըստ նրա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ թիվն ավելացել է 20-30 տոկոսով:
Մ.Օրդյանի խոսքերով՝ շոգի պատճառով սրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց մոտ սկսվում է հևոց, օդի պակասի զգացողություն, զարկերակային ճնշման տատանումներ, ընդրահուր թուլություն: Բացի այդ, շոգից անոթները լայնանում են, ինչի հետևանքով զարկերակային ճնշումը նկատելիորեն իջնում է, և սիրտը ստիպված սկսում է ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատել:
Մասնագետ նաև նշեց, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ հատկապես զգայուն են մինչև 15 տարեկան երեխաները, ծերերը, հղիները, խրոնիկ հիվանդություններով տառապողները՝ անկախ տարիքից:
Սրտաբանը բոլորին խորհուրդ է տալիս ցերեկային ժամերին՝ 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Իսկ դուրս գալիս արևի ճառագայթներից պաշտպանվելու համար անպայման պետք է գլխարկ, ակնոցներ, հովանոց կրել:
Խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ հեղուկ, մասնավորապես ջուր և հանքային ջուր օգտագործել: «Ավելի նախընտրելի է հանքային ջուրը, քանի որ քրտնքի հետ կորցնում ենք աղերը, իսկ հանքային ջուրն այդ աղերը որոշ չափով լրացնում է»,- ասաց Մ.Օրդյանը՝ հավելելով, որ պետք է օրական խմել 2-2,5 լիտր ջուր, իսկ սրտային անբավարարությամբ տառապող հիվանդները՝ մինչև 1,5 լիտր ջուր:
Սրտաբանը նաև խորհուրդ է տալիս չչարաշահել սնունդը, հիմնականում պետք է ուտել բանջարեղեն, միրգ և կաթնամթերք:
«Շտապբուժօգնություն»-ից փորձեցինք ճշտել, թե արդյոք շոգի պատճառով շտապօգնության կանչերի թիվն ավելացել է: «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ թեև օգոստոսի առաջին օրերին արձանագրված 40 և ավելի բարձր ջերմաստիճանին, մայրաքաղաքում գրանցված շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:
«Ինչպես մայիս, հունիս, հուլիս ամիսներին, այնպես էլ օգոստոսին, օրական Երևանում գրանցվում է միջինը 600-650 կանչ և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կանչերի թիվը չի ավելացել, պահպանել է նույն ցուցանիշը»,- ասաց Թ.Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ ըստ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի՝ ամենաշոգ օրերը կլինեն օգոստոսի 15-ը և 16-ը, երբ օդի ջերմաստիճանը կտատանվի 40-41 աստիճանի սահմաններում: