Վաղը խաղողօրհնեք է
Այս կիրակի Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք:
Վերափոխման տոնին՝ հավարտ ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ:
«Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15.1):
Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:
Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26.28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից»,-տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:
Օգոստոսի 16-ին՝ Ս. Աստվածածնի վերափոխման տոնին, ԱՀԹ բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի Խաղողօրհնեքի կարգ:
ԱՀԹ եկեղեցիներում տոնական միջոցառումներ մասին այստեղ: