Եգիպտոսը խստացնում է ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումները
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին նոր օրենք է ստորագրել, համաձայն որի խստացվել են ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումները: Այս քայլն ուղղված է երկրում իսլամիստական խմբավորումների գործունեության ակտիվացման դեմ, գրում է «Բի-Բի-Սի»-ն:
Նոր օրենքի համաձայն՝ նրանց, ովքեր մեղավոր կճանաչվեն ահաբեկչական խմբավորումներ ձևավորելու և ղեկավարելու մեջ, սպառնում է մահապատիժ կամ ցմահ ազատազրկում: Ահաբեկչական գործողություններին մասնակից լինելու համար նախատեսված է 10 տարվա ազատազրկում, ընդ որում ենթադրյալ գրոհայինների նկատմամբ դատական գործընթացն իրականացվելու է արագացված կարգով:
Բանտային ռեժիմ է սպառնում նաև ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու համար՝ մինչև 25 տարի: Բռնություններ հրահրելու կամ բռնություններ քարոզող կայքերի ստեղծման համար նոր օրենքը 5-7 տարի ազատազրկում է նախատեսում:
200-500 հազար եգիպտական ֆունտ (25-60 հազար դոլար) տուգանք է սպառնում այն լրագրողին, ով, գրոհայինների հարձակումների կամ անվտանգության ծառայությունների հակաահաբեկչական գործողությունների մասին խոսելիս հեռանա պաշտոնական վարկածից՝ այսինք նա կմեղադրվի «սուտ լուրեր» տարածելու մեջ:
Իրավապաշտպանները, սակայն, մտավախություն ունեն, որ նախագահ Ալ-Սիսին նոր օրենքը կարող է օգտագործել դասալիքներին հետապնդելու և քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարելու համար:
Նշենք, որ վերջին տարիներին Սինայի թերակղզում իսլամիստների հարձակումների հետևանքով զոհվել են Եգիպտոսի անվտանգության ծառայությունների հարյուրավոր աշխատակիցներ: