Իջևանում Հանրապետականներից մեկը լքեց պայքարը
Սեպտեմբերի 13-ին կայանալիք Իջևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը` «Նիկարմ» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի տնօրեն ՀՀԿ-ական Արմեն Խաչատրյանը հետ է վերցրել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացրած առաջադրման փաստաթղթերը: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Այսպիսով, այս պահի դրությամբ Իջևանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն նախկին և ներկա քաղաքապետերը` Վարուժան Ներսիսյանը և Վարդան Ղալումյանը: Նրանք երկուսն էլ Հանրապետական կուսակցության անդամներ են, բայց ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ընտրապայքարում սատարելու է Վարդան Ղալումյանի թեկնածությունը:
Հիշեցնենք՝ Վարդան Ղալումյանը նախկին ԲՀԿ-ական էր և 2011-ին այդ պաշտոնին ընտրվել էր հենց ԲՀԿ-ի ակտիվ ջանքերի շնորհիվ: Այն բանից հետո, երբ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռացավ կուսակցությունից և նրանից հետո շատերը լքեցին կուսակցության շարքերը, այդպես վարվեց նաև Վարդան Ղալումյանը:
Վարուժան Ներսիսյանը Կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն է և Իջևանի քաղաքապետի պաշտոնում աշխատել է չորս անգամ անընդմեջ:
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի 22 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում: Դրանցից 15-ում ընտրվելու է համայնքի ղեկավար, իսկ 8-ում` համայնքի ավագանի: Մարզերը, որոնցում կկայանան ընտրություններ, Արագածոտն է, Գեղարքունիքը, Լոռին, Կոտայքը, Շիրակը, Սյունիքը, Վայոց Ձորը և Տավուշը: Մասնավորապես, քաղաքապետեր կընտրեն Իջևան և Մարալիկ քաղաքներում:
ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն, թեկնածուների գրանցման գործընթացը կկատարվի մինչև օգոստոսի 19-ը: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 26-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը:
Ինքնաբացարկի դիմում թեկնածուները կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 3-ը ժամը 18:00-ն:
Հարակից հրապարակումներ`
Առայժմ միայն ՀՀԿ-ն է հստակ որոշել մասնակցել սեպտեմբերյան ՏԻՄ ընտրություններին
Իջևանում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն 3 Հանրապետականներ
ՏԻՄ-երում առաջադրվածներն առայժմ միայն ՀՀԿ-ականներն են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները