Իրաքի նախկին վարչապետը մեղադրվում է Մոսուլը իսլամիստներին հանձնելու մեջ
Իրաքի խորհրդարանական հանձնաժողովը կոչ է արել դատարանի առաջ կանգնեցնել նախկին վարչապետ Նուրի Ալ-Մալիքիին և 30 բարձրաստիճան պաշտոնյաների՝ Մոսուլ քաղաքը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հանձնելու համար: Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը:
Պատգամավոր Մուհամեդ Ալ-Կարբուլիի խոսքով, առաջարկի օգտին քվեարկել է պատգամավորների մեծ մասը: Այժմ այն փոխանցելու են գլխավոր դատախազին և վարչապետ Հեյդար Ալ-Աբադիին:
Ալ-Մալիքիից բացի ցանկում հայտնվել են նաև Մոսուլի քաղաքապետ Աթիլ Ալ-Նուջայֆին, Իրաքի նախկին պաշտպանության նախարար Սադուն Ալ-Դուլայմին, բանակի նախկին հրամանատարներ գեներալ Բաբաքիր Զեբարին և գեներալ-լեյտենանտ Մահդի Ալ-Ղարավին ու այլք:
Հիշեցնենք, որ Մոսուլը ԻԼԻՊ-ի ձեռքն է անցել 2014 թվականի հունիսին, որից հետո վերջինս Սիրիայի և Իրաքի իր գրաված տարածքներում խալիֆայություն հռչակեց: Պաշտոնապես հաստատված չէ, թե ինչպես է Մոսուլը հանձնվել գրոհայիններին, սակայն հայտնի է, որ բանակը այն տվել է առանց մարտերի՝ թողնելով մեծ քանակությամբ զենք և զինամթերք: