Այսօր մեռելոց է. Աշխատանքային օր
Այսօր, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Նախօրեին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: 2008 թվականի հունիսից մեռելոցները հայտարարվել էին ոչ աշխատանքային, սակայն այսօր աշխատանքային է:
2008 թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային: Սակայն այս տարվա հուլիսի 30-ին կառավարության նիստում որոշում է ընդունվել, որ Վերափոխման տոնին կամ Խաղողօրհնեիքն հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային:
«Մեռելոցը աշխատանքային-ոչ աշխատանքային հայտարարելու շուրջ կարծիքներն իրարամերժ են, շատ ժամանակ ծայրահեղ տարբեր դրսևորումներով: Մայր Աթոռը պնդում է, որ նկատի առնելով, որ Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնեա պետությունն է և ունի քրիստոնեական արժեհամակարգի հիման վրա հաստատված հասարակություն, ապա անհրաժեշտ է, որպեսզի տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը սահմանվեն որպես ոչ աշխատանքային: ... Գործարարները պնդում են, որ աշխատանքային երկուշաբթին ոչ աշխատանքային շաբաթով փոխարինելը տնտեսական գործունեության տեսանկյունից իրենց վնասներ է բերում, մանավանդ նրանց, ովքեր արտաքին աշխարհի հետ գործարար շփումների, գործարքների մեջ են: ...Կառավարությունը վերջնական որոշում չունի, թե արդյո՞ք սրանից հետո բոլոր տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները պետք է լինեն ոչ աշխատանքային՝ հաշվի առնելով խնդրի տնտեսական բաղադրիչը:
Կառավարության վերջնական որոշումը կախված է հանրային ակտիվ քննարկումների արդյունքից: Սա խնդիր է, որի հիմքում մի կողմից հոգևոր-արժեհամակարգային հարցերն են, մյուս կողմից՝ տնտեսական շահերը (կամ կորուստները)»,-ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն:
Մեռելոցի հետ կապված Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Մեր Եկեղեցու ծիսական կյանքի համաձայն` Տաղավար տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է` ննջեցյալների հիշատակության օր, երբ բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և հոգեհանգիստ կատարվում: Ուղղափառ մտածողության համաձայն` ննջեցյալները նույնպես Եկեղեցու անբաժանելի մասն են, որոնք պարզապես ֆիզիկապես և ժամանակավոր մեզ հետ չեն: Ուստի հայերենում նման մարդկանց համար գործածում ենք «ննջեցյալ» բառը, այսինքն` նրանք ոչ թե մահացել են, այլ ննջած են, քնած` մեկ օր արթնանալու հույսով և հարության հավատով: Հիսուսի հարությամբ այլևս մահն իշխանություն չունի մարդու վրա, քանզի աներկբա հավատում ենք, որ ինչպես Տերը հարություն առավ, այնպես էլ մենք մեկ օր հարություն պիտի առնենք: Առանց այս հարության հավատքի և համոզման, քրիստոնեություն չկա: Չես կարող լինել քրիստոնյա և չհավատալ մեռելների հարությանը: Ննջեցյալի համար կարևոր են ոչ թե ճոխ թաղումն ու պերճ խոսքերը, այլ երկու բան` մշտամնա աղոթք նրա հոգու հանգստյան համար և խնդրանք, որպեսզի Աստված նրան Իր անբավ ողորմությամբ դատի, ինչպես նաև նրա հիշատակի պահպանում ընտանիքում և շրջապատում: Քանի դեռ մենք հիշում ենք մեր ննջեցյալներին և նրանց համար աղոթում, նրանք կենդանի են մեզ համար: Հետևաբար, մարդասեր Աստված թող գթա մեր բոլոր ննջեցյալներին իր անբավ ողորմությամբ, իսկ մեզ պարուրի հարության հույսով և ավետիսով»:
Նախորդող հրապարակումներ՝
Խաղողօրհնեքին հաջորդող մեռելոցը աշխատանքային է, Խաչվերացինը՝ ոչ
Գագիկ Մակարյանը դժգոհ է մեռելոցի օրը ոչ աշխատանքային դարձնելու որոշումից
Տիգրան Աբրահամյանը՝ մեռելոցի օրերին աշխատել-չաշխատելու մասին