Փաստաբանները պահանջելու են, որ Պերմյակովը փորձաքննության ենթարկվի նաև հայկական կողմում
«Պերմյակովի դատավարությանը մեր մասնակցության նպատակն էր նախ տեսնել նրան, հասկանալ, թե այդ անձնավորությունը կարո՞ղ է նման գործողություն կատարել և հետո ցանկանում էինք ստանալ նախաքննության տվյալներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբան Լուսինե Սահակյանը:
Լուսինե Սահակյանը, հիշեցնենք, Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբանն է, որը նաև ներկա էր Պերմյակովի դասալքության գործով օգոստոսի 12-ին Գյումրիի ռուսական ռազմաբազայում գործող 5-րդ կայազորային ռազմական դատարանում կայացած նիստին: Ռուս իրավապահների կողմից դասալքության, զենք հափշտակելու և ապօրինի զենք պահելու համար մեղադրվող Պերմյակովը նույն դատարանի վճռով դատապարտվեց տասը տարվա ազատազրկման` խիստ ռեժիմով: Ավետիսյանների սպանության գործը ռուսական կողմից փոխանցվել է հայկական կողմին և գործի նյութերն այժմ թարգմանվում են: Գործը կազմված է 9 հատորից:
Լուսինե Սահակյանի հետ միասին Ավետիսյանների իրավահաջորդների շահերը դատարանում կներկայացնեն նաև փաստաբաններ Երվանդ Վարոսյանը, Երեմ Սարգսյանը և Միհրան Պողոսյանը:
Տիկին Սահակյանի ներկայացմամբ, Պերմյակովի պահվածքը «շատ տարօրինակ էր» և «առավել տարօրինակ էր», որ ռուսական կողմը հիմնվելով դատահոգեբուժական փորձաքննության արդյունքների վրա, Պերմյակովին ներկայացրել է որպես «լիովին առողջ, ոչ ագրեսիվ պահվածք ունի, որևէ խնդիր չունի, մեղսունակ է»:
«Անկասկած, Պերմյակովը մեղսունակ է, սակայն այն, որ նրա պահվածքը հանգեցնում է հետևության, որ նա ունի որոշակի խնդիրներ, միանշանակ է: Մենք հասկանում էինք, որ այն օրից սկսած, երբ Պերմյակովը հայտնվեց ռուսական կողմում, խնդիրներ կլինեին, բայց չէինք պատկերացնում, որ դրանք այս կարգի կլինեն, չէինք պատկերցանում, որ ռուսական կողմը ամեն կերպ կփորձի պաշտպանել իր աշխատակիցներին` սպաներին, բժիշկներին, որոնք նրան զորակոչել էին բանակ, որոնք թույլ էին տվել, որ նա զենք պահի ձեռքին: Որպեսզի ոչ մեկը պատասխանատվության չենթարկվի, փորձագետի եզրակացություններ էին հայտնվել այն մասին, որ նա լիովին առողջ է»,-հայտարարեց փաստաբանը` ընդգծելով, որ իրենց համար ակնհայտ էր, որ Պերմյակովն ունի առողջական խնդիրներ:
Առաջին քայլը, որ կանեն ներկայացուցիչները, այն է, որ կմիջնորդեն, որպեսզի Պերմյակովը ենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության հայկական կողմում:
«Մեծ հույսեր չունենք, որ հայկական կողմը ռուս փորձագետի եզրակացության պարագայում հակառակ արդյունք կտա, բայց հետևողական ենք լինելու, որ նշանակվի այդ փորձաքննությունը», -հավելեց տիկին Սահակյանը:
Հարակից հրապարակումներ`
Կարծես դատաքննությունն իրեն չէր վերաբերվում. Փաստաբանը` Պերմյակովի մասին (տեսանյութ)
Պերմյակովի դասալքության գործը 72 հատոր է
Պերմյակովը դատարանում է
Չեմ հավատում, որ Պերմյակովը միայնակ է գործել. Ավետիսյանների հարազատ
Ավետիսյանների ընտանիքի սպանությունը տևել է 15 րոպե. Պերմյակովի ցուցմունքից