Վարչապետ. Կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի խաղողի բերքը գյուղացու մոտ չմնա
Այս տարի խաղողն առատ է և գերազանցում է նախատեսված պահանջարկը: Աշխատանքային այցով երեկ Արարատի մարզում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդիրը քննարկել է գործարանների ղեկավարների և Արտաշատի, Արարատի ու Վեդու տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը:
Վարչապետը տեղեկացրել է համայնքների ղեկավարներին, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի բերքը գյուղացու մոտ չմնա, և մթերումն իրականացվի նախորդ տարվա գնով:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործադիրը քննարկում է պետական աջակցության ծրագրերով մթերող ձեռնարկություններին օժանդակելու հարցը, որպեսզի վերջիններս, նախատեսված պահանջարկից բացի, կարողանան մթերել նաև խաղողի լրացուցիչ քանակություն:
«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի ղեկավարությունը նշել է, որ տարեցտարի գործարանի կողմից մթերվող խաղողի ծավալն աճում է, և անցած տարի մթերվել է շուրջ 14000 տոննա խաղող: Ընթացիկ տարում գործարանը պատրաստվում է սեփական ուժերով մթերել 15000 տոննա խաղող, և լրացուցիչ՝ ևս 10000 տոննա խաղող մթերելու համար դիմել է պետական օժանդակություն ստանալու համար:
Իր հերթին «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ի ղեկավարությունը նշել է, որ գործարանն ունեցել է դինամիկ աճ խաղողի մթերման առումով, և անցած տարի մթերել է 10700 տոննա խաղող: Այս տարի հաշվի առնելով բերքի առատությունը և որակը՝ գործարանը պատրաստ է պահպանել և նաև գերազանցել անցած տարվա մակարդակը՝ մթերել այնքան տոննա խաղող, որքան գյուղացին կներկայացնի գործարան: