Քեսաբում նշել են Խաղողօրհնեքը (Լուսանկարներ)
Քեսաբում կիրակի նշել են Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս մասին «Հալեպահայեր» ֆեյսբուքյան խմբում գրել է Քեսաբի բնակիչներից Մարալ Քասարջյանը.
«Քեսապի, Էսկիւիանի մատրան եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Ս.Աստուածածնայ վերափոխման , խաղողօրհնէքի եւ մատաղօրհէնքի արարողութիւն, հովանաւորութեաբ` Բերիոյ հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ.Շահան Ս.Արք.Սարգիսեանի»:
Քեսաբի մեկ այլ բնակիչ էլ՝ Ջեմմա Բառնասյանը գրում է. «Քեսաբին մերձակա Էսկյուրան գյուղում ամեն տարի աշխարհի տարբեր ծայրերից հավաքված մուսալեռցիները նշում էին Խաղողօրհնեքի տոնը։ Այս լուսանկարում հենց «Կարմիր» ֆըստանպարերգն է՝ հսկա թմբուկների նվագակցությամբ։ Շա՜տ ոգևորիչ պար էր։ Ամեն պարող իրեն զգում էր ամբողջի մի մասնիկը...»:
Օրեր առաջ Համահայկական ամառային վեցերորդ խաղերի Քեսաբի թիմի պատվիրակության ղեկավար Շանթ Լնցյանը Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Քեսաբը վերականգնվում է, մարդիկ վերականգնում ու վերանորոգում են իրենց տները: Հալեպից նույնպես ընտանիքներ են տեղափոխվել և բնակություն հաստատել Քեսաբում:
Լուսանկարները՝ Aleppo Armenians խմբից: