Ռուբլին շարունակում է արժեզրկվել՝ հասնելով փետրվարյան մինիմումին
Չինական յուանի դեվալվացիայի և նավթի գների անկման պատճառով ռուբլու կուրսը շարունակում է արժեզրկվել՝ հասնելով այս տարվա փետրվարին գրանցված ցուցանիշին: Փորձագետների կարծիքով՝ օգոստոսի վերջին ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ կհասնի 70-ի: Ռուսաստանի ազգային արժույթի կայունացման միակ հույսը կապված է ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների կրճատման հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Բոլոր գործոնները խոսում են ռուբլու հետագա արժեզրկման մասին: Հիմնական գործոնները հանդիսանում են յուանի արժեզրկումը և նավթի գների ռեկորդային անկումը»,- ընդգծել է «Калита-Финанс» վերլուծական կենտրոնի առաջատար մասնագետ Ալեքսեյ Վյազովսկին:
«Golden Hills-Капитал АМ» կենտրոնի ղեկավար Միխայիլ Կրիլովի խոսքով՝ նավթային շուկայում սպեկուլյանտները արագորեն ձերբազատվում են նավթի ֆյուչերսներից, որպեսզի ավելի ուշ ձեռք բերեն է ցածր գներով:
«Նման գործարքների ակտիվացումը վկայում է այն մասին, որ շուկան սպասում է նավթի գների էլ ավելի մեծ անկման, հնարավոր է մեկ բարելի դիմաց նավթի գինը հասնի մինչև 37 դոլար»,- մեկնաբանել է Կրիլովը:
Նշենք, որ բրենտ տեսակի նավթի գինը Լոնդոնյան բորսայում այժմ կազմում է 49 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ ամերիկյան WTI տեսակի նավթը վաճառվում է 41.5 դոլարով: