Միություն 2015-հաղթանակի ժառանգներ». մեկնարկը տրված է (լուսանկարներ)
«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի շուրջ հինգ հարյուր մասնակիցների համար օգոստոսի 17-ը տոնական էր՝ ազդարարվել է հավաքի մեկնարկը:
«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքը իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո` ռուսական «Доблесть отечества» հայրենիքի պաշտպանների աջակցման հասարակական շարժման և «Русь» ռազմական բազկամարտի ֆեդերացիայի աջակցությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, բարձրաստիճան այլ հյուրեր:
Ողջույնի խոսքում Սեյրան Օհանյանը նշել է՝ հավաքը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, որ պատմական նշանակություն ունի և միավորում է մեր ժողովուրդները հոգևոր առումով, ինչպես նաև բարոյական ուղղորդիչ է հետպատերազմյան սերունդների համար՝ դաստիարակելու նրանց ընկերության և եղբայրության ոգով. «ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծ կարևորություն է տալիս «Միություն 2015-Հաղթանակի ժառանգներ» հավաքին, քանի որ այն իրապես գործող հայրենասիրական ուղղվածությամբ միջազգային ծրագիր է, որ հզոր գաղափար ու լիցք է պարունակում և միավորում է անցյալն ու ներկան: Հենց այդ պատճառով է, որ կարող ենք վստահ ասել՝ 2007 թ.-ին մեկնարկած ծրագիրը խոստումնալից ապագա ունի»:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ հավաքի յուրահատկությունն այն է, որ դասակները ձևավորված են խառը սկզբունքով. յուրաքանչյուր դասակում ըդգրկված է հավաքին մասնակցող պետություններից մեկ ներկայացուցիչ. «Սա խորհրդանշում է բոլոր ազգությունների ամբողջականությունը, ինչպես 70 տարի առաջ, երբ մեր պապերն ու նախապապերը իրենց միասնության շնորհիվ կարողացան կասեցնել ընդհանուր վտանգը, հաստատել ապագայի իրենց իրավունքը: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն, բարդ խնդիրների հմուտ կատարում: Վստահ եմ, որ հավաքի ժամանակ ձեռք բերված կարողությունները կսովորեցնեն ձեզ ինքնուրույնության, կդաստիարակեն թիմային որակներ, առաջնորդի բնավորություն եւ կաջակցեն ձեր կայացմանը որպես անհատի՝ պատրաստ դժվար պահերին օգնելու միմյանց»:
Մասնակիցներին ողջունել է նաև ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկին: Նա նշել է, որ ԱՊՀ երկրների ռազմական համագործակցությունը խորհրդի ուշադրության կենտրոնում է, և տարվա ընթացքում կազմակերպվում են թե զորավարժություններ, թե հավաքներ, թե մրցումներ՝ ուղղված կառույցի անդամ պետությունների անվտանգության ապահովմանը և կապերի ամրապնդմանը. «Սիրելի մասնակիցներ, հավանաբար ձեզանից շատերին առաջին անգամ է պատիվ վերապահվում ներկայացնել ձեր պետության շահերը: Հավաքի ընթացքում դուք հնարավորություն կունենաք դրսեւորելու ձեր ֆիզպատրաստությունը, ինտելեկտուալ կարողությունները, ստեղծագործական վարպետությունը, իսկ որ ամենակարեւորն է՝ մարդկային որակները»:
Ռուսական «Доблесть отечества» հայրենիքի պաշտպանների աջակցման հասարակական շարժման ղեկավար Օլեգ Բականաչն էլ իր ելույթում նշել է, որ պաշտպանական գերատեսչությունը նախաձեռնել է իր ծավալներով աննախադեպ միջոցառում. «Ձեզանից շատերը բազում դժվարություններ են հաղթահարել մինչ Հայաստան գալը: Ոմանք դժվարությամբ սահմանն են անցել, ոմանք էլ դժվարին պայքարում երկիր ներկայացնելու իրավունք վաստակել: Հիշեք, որ ընկերականությունից սուրբ ոչինչ չկա, հատկապես որ գտնվում եք ընկերությունը գնահատող հնամենի հողի վրա»,-մասնակիցներին ասել է Օ. Բականաչը:
Ավանդույթի համաձայն՝ միջոցառմանը ներկա Հայրենական մեծ պատերազմի վետերանները Գեորգևյան ժապավեններ հանձնեցին դասակների հրամանատարներին՝ հայկական բանակի ապագա սպաներին:
Միջոցառումն ուղեկցվել է «Զորական», «Սարդարապատ» համույթների, էստրադային երգիչ-երգչուհիների երաժշտական կատարումներով: Ցուցադրական ելույթներով հանդես եկան ավիացիոն և հատուկ ստորաբաժանումների զինծառայողները: