Թուրքիայի տարածքում շարունակվում են իրանական ավտոմեքենաների վրա հարձակումները
«Իրանը Թուրքիայից պահանջում է ապահովել իրանական բեռնատարների անվտանգությունը»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ասրիրան.քոմ» կայքը:
Իրանի Ցամաքային տրանսպորտի և բեռնափոխադրումների կազմակերպության տարանցման բաժնի ղեկավար Մոհամմադ Ջավադ Աթրչիանը, անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայի տարածքում իրանական ավտոմեքենաների վրա կատարված հարձակումներին, նշել է, որ մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի տարածքում իրանական 9 բեռնատար ավտոմեքենայի և ավտոբուսի վրա հարձակում է իրականացվել:
Իրանական կայքի հաղորդմամբ՝ անցած երկու գիշերվա ընթացքում Թուրքիայի տարածքում իրանական երեք բեռնատար մեքենայի վրա ևս հարձակում է իրականացվել. Ըստ կայքի՝ թեև իրանցի վարորդները չեն տուժել, սակայն նրանց ավտոմեքենաներն ամբողջովին այրվել են:
Աթրչիանը նշել է, որ Թուրքիան վերոնշյալ միջադեպերի վերաբերյալ պետք է պարզաբանում ներկայացնի և ապահովի իրանական բեռնատարների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս երկու անգամ պայթեցվել էին Իրանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ մեկնած մարդատար գնացքները: