Զարիֆ. Ռուսաստանը ծանր պահերին Իրանի կողքին է եղել
«Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Մոսկվայում քննարկել են սիրիական հարցը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր մեկնել է Մոսկվա: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, Իրանի արտգործնախարարը, անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, նշել է. «Ծանր պահերին Ռուսաստանը մեր կողքին է եղել. Միջուկային խնդրի հանգուցալուծման հարցում Մոսկվան մեծ դեր ունի և հանդիսանում է մեր գլխավոր գործընկերը»:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Սիրիայի հարցը: ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Մոսկվայի դիրքորոշումը Սիրիայի հարցում չի փոխվել և հավելել. «Այն, որ հայտարարում են, թե Բաշար ալ-Ասադը պետք է հեռանա իշխանությունից, մեզ համար անընդունելի է: Սիրիայի ժողովուրդը ինքը պետք է որոշի իր ճակատագիրը»:
Սերգեյ Լավրովը, հերքելով տարածված այն տեղեկությունը, թե Սիրիայում և Իրաքում ակտիվ գործունեություն ծավալող Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին մեկնել է Մոսկվա, վստահեցրել է, որ Մոսկվան հավատարիմ է ՄԱԿ-ի ԱԽ սահմանած պատժամիջոցներին: