Հարևան երկրին ճանաչելու խնդիր կա. Իրանահայ համայնքի ներկայացուցիչ
«Երկու հնագույն երկրներ ենք, իրար մշակույթ և կրոնը հարգելով ապրում ենք այս շրջանում, սա կարող է մոդել ծառայել, թե ինչպես կարող են տարբեր կրոնի ժողովուրդներն այսպես ապրել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանահայ համայնքի ներկայացուցիչ, գրող, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանն՝ անդրադառնալով Հայաստան-Իրան հարաբերություններին:
«Հայի խոսքը հարգվում է Իրանում, նույնը չեմ կարող ասել այստեղի պարսիկների մասին: Մենք պիտի մեզ շտկենք, որից հետո էլ հարաբերություններն էլ ավելի կզարգանան»,-նշեց գրողը:
Նա ընդգծեց, որ հայ գործարարները գործարաններ են կառուցել, որոնց արտադրանքը մեծ պահանջարկ ունի Իրանում:
Հանդիպմանը ներկա իրանահայ համայնքի ներկայացուցիչ, երկրաբան Արա Կարապետյանն էլ ասաց, որ տնտեսական համագործակցության առումով սայլը տեղից կարող է շարժվել որոշ քայլերից հետո, որոնցից կարևորը հարևան երկրին ավելի լավ ճանաչելն է. «Մեր օրենսդրական դաշտը պիտի համընկնի ու համահունչ լինի նրանց օրենսդրական դաշտին»:
Նաև հիշեցրեց, որ հայ համայնքը պետականորեն ամրագրված է և ունի երկու ներկայացուցիչ խորհրդարանում: