Հայր Զաքարիա. Դիվերսիայի հետևանքով վիրավորված սարկավագի վիճակը կայուն է
Հակառակորդի կողմից մի քանի օր առաջ իրականացրած դիվերսիայի հետևանքով վիրավորված Հովհաննես Սարկավագի վիճակը լավ է, կայուն է:
«Արդեն վիրահատվել է, հույս ունենք, որ կամաց-կամաց պիտի իսկապես ապաքինվի»,-Panorama.am-ին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնակատար Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը:
«Այսօր շատերն են հայրենասիրությունից խոսում և աջ ու ձախ քննադատում բոլորին, այդ թվում` նաև Մայր Եկեղեցուն, բայց քչերն են այդ հայրենասիրությունն իրենց կյանքի օրինակով ցույց տալիս: Ահա նմանատիպ գործնական հայրենասիրության և ազգասիրության վառ օրինակ է հայոց բանակում ծառայող մեր սարկավագ եղբայրը, ով օրեր առաջ մի քանի զինվորների հետ կանխեց թշնամու հետախուզական դիվերսիոն փորձը` հրազենային վնասվածք ստանալով և տեղափոխվելով Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ: Իսկապես հպարտ եմ, որ մենք նման եկեղեցականներ ունենք: Շուտափույթ ապաքինում և քաջառողջություն եմ մաղթում նրան և մեր զինվորներին: Ի դեպ` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ այսօր մեր ազգային բանակում իրենց հոգևոր սպասավորությունն են անցկացնում շուրջ 50 հայ եկեղեցականներ, ովքեր անաղմուկ, բայց ազգային-հոգևոր բարձր գիտակցությամբ հայ զինվորի կողքին են` սահմանամերձ և թեժ վայրերից սկսած մինչև ռազմական կրթական ուսումնական հաստատությունները»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:
Իսկ ավելի վաղ Արմեն Հարեյանը խնդրել էր աղոթել դիրքերում վիրավորված մեր Հովհաննես Սարկավագի համար.
«Նոր Hayr Movsesն ինձ տեղեկացրեց որ մի քանի օր առաջ հակառակորդի դիվերսիայից դիրքերում ծանր վիրավորվել է Հայ Առաքելական Եկեղեցու սարկավագ Հովհաննեսը: Քիչ առաջ վիրահատել են գլուխը: Խնդրում եմ հավատքով աղոթեք Հովհաննես Սարկավագի համար և մեր բանակի ու խաղաղության համար: Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորները փոքրաթիվ ուժերով ահռելի աշխատանք են կատարում Հայոց Բանակում: Հավատքն են զորացնում, զինվորի ու սպայի ոգին ամրապնդում, դիրքերում գիշերում ու ինչպես տեսնում էք նաև վիրավորվում: Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա Հովհաննես Սարկավագին և բոլոր զինվորներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան