Շուշիում մեկնարկել է ասմունքի համահայկական փառատոնը
Շուշիում մեկնարկած ասմունքի համահայկական չորրորդ փառատոնին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մասնակցում է 61 ասմունքող՝ Հայաստանից և Սփյուռքից՝ ԱՄՆ-ից, Լիբանանից, Ուկրաինայից, Բելառուսից, Սիրիայից, Ջավախքից, Իրանից, ինչպես նաև 42 ասմունքող՝ Արցախից, տեղեկացնում են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից:
ՀՀ սփյուռքի նախարարի ողջույնի խոսքը փառատոնի մասնակիցներին փոխանցել է Մերձավոր Սփյուռքի հայ համայնքերի վարչության պետ Տարոն Շագոյանը.
«Ուրախ եմ, որ շարունակելով գեղեցիկ ավանդույթը, այս տարի արդեն չորրորդ անգամ հյուրընկալվել եք Արցախ չքնաղ աշխարհի հանգրվաններից մեկում, ուր այս օրերին պիտի միահյուսվի Հայրենիքի և Սփյուռքի շնորհալի պատանիների ու աղջիկների շուրթերից հնչող հայ խոսքը: Այս տարի ողջ հայությանը միավորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և մենք խնդիր ունենք հանուն արդարության վերահաստատման, հանուն Հայոց պահանջատիրության վերջնական հանգրվանին հասնելու, հանուն մեր ազգային նպատակների իրագործման` շարունակելու մեր պայքարը նաև մշակույթով և հայոց լեզվի պահպանությամբ»:
Փառատոնի շրջանակներում նախատեսված են վարպետության դասեր: Մասնակիցները կայցելեն Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր: