Ջրհեղեղից տուժած Թբիլիսիի կենդանաբանական այգին կգործի սեպտեմբերից
Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն հայտարարել է, որ սեպտեմբերից կգործի այգու միայն վերականգնված մասը, որի մաքրման աշխատանքներն արդեն ավարտվում են: Այս մասին գրում է «Սպուտնիկ Ջեորջիան»:
Հիշեցնենք, որ այգու մեծ մասը տուժել էր ջրհեղեղից:
«Այս պահին դեռևս վերականգնման ու մաքրման աշխատանքները շարունակվում են: Սեպտեմբերին արդեն կենդանաբանական այգին կբացվի, կգործի մաքրված ու վերականգնված հատվածը»,-ասել է տնօրենը:
Լրագրողների հետ հանդիպմանը նա նաև հայտարարել է, որ այգին կհամալրվի մի քանի նոր կենդանիներով, այդ թվում՝ կապիկներով:
Նոր այգու կառուցման համար Թբիլիսիի քաղաքապետարանը 47 հա տարածք է հատկացնելու: Այգու փոխտնօրենն ասել է, քաղաքային իշխանություններն ու այգու տնօրինությունը անելու է ամեն բան, որ նոր այգին կառուցվի ամերիկյան ու եվրոպական ստանդարտներին համապատասխան: Ավելի վաղ հայտարարվել էր, որ նոր այգու նախագիծն արդեն պատրաստ է, շինարարությունը կմեկնարկի 2016-ի գարնանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 14-ին Վրաստանի մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրհեղեղից ավիրվել էր կենդանաբանական այգին: Այգու 600 բնակիչների կեսից էլ քիչ մասն է փրկվել: Կենդանիներից մի քանիսը, այդ թվում գիշատիչներ, հայտնվեցին փողոցներում: Դրանցից մի քանիսին հաջողվեց վերադարձնել այգի, իսկ մյուսներին կրակելով սպանեցին: