«զԱստուած փնտռելու ճամբին ես գտայ Ս. Էջմիածինը և իմ Հայրենիքը». Վազգեն Առաջին
Այսօր Վազգեն Առաջին կաթողիկոսի հիշատակի օրն է.1994 թ. օգոստոսի 18-ին, հինգշաբթի օրը, առավոտյան ժամը 07.15-ին, Երևանի հայրապետական իր առանձնատանը, 86-ամյա հասակում, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, վախճանվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վազգեն Առաջինը (Լևոն-Կարապետ Աբրահամի Պալճյան) ծնվել է 1908թ. հոկտեմբերի 3-ին Բուխարեստ քաղաքում: 1937թ. ավարտել է Բուխարեստի պետական համալսարանը։ 1943թ. ստացել է վարդապետի կոչում, 1951թ. օծվել եպիսկոպոս։ 1929-43թթ. դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, եղել հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի (1942–44 թթ.) կազմում։ 1943 թ-ի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է Աթենք, որտեղ Սբ Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա՝ թեմի առաջնորդ (1947–55 թթ.)։ 1948 թ-ի մայիսի 23-ին Սբ Էջմիածնի Մայր Տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թ-ի մայիսին՝ եպիսկոպոս։ 1954 թ-ի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները։ 1955 թ-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս:
«զԱստուած փնտռելու ճամբին ես գտայ Ս. Էջմիածինը և իմ Հայրենիքը, եւխոնարհուեցի ճակատագրին առջև» (ՎԱԶԳԵՆ Ա)
Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում: Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին:
Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել Վեհափառի և Վեհամոր անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած Զեյթունի Ավետարանը և Մալաթիայի Ավետարանը, Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր:
1988թ. փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը:
Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989թ.), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանք:
Վերանորոգվել են Մայր տաճարը, Էջմիածնի Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր վիրապի վանքը, Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Սբ. Սարգիս, Սբ. Զորավոր, Սբ. Հովհաննես, Մոսկվայի, Դոնի Ռոստովի և Արմավիրի եկեղեցիները: Մայրավանքի շրջակայքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը:
Պարգևատրվել է ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան, Ռումինիայի Հանրապետության աստղ շքանշաններով, Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո-Կյուրիի անվան և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով։
Վազգեն Ա-ի անունով են կոչվում Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը և Սևանի հոգևոր դպրանոցը։ 1994թ.-ին նրան շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում: Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն Հայրենիքի շքանշանով:
«Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ»:
«Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն»: