Վերջին իրադարձությունները կարող են վտանգել «Էյր Արմենիա»-ի ներդրումային ծրագրերը. Հայտարարություն
«Air Armenia» ավիաընկերության համասեփականատերերը սեփականատեր Արսեն Ավետիսյանի հետ կատարված դեպքի վերաբերյալ հայտարարություն են տարածել, որում նշվում է հետևյալը.
«Մենք` «Էյր Արմենիա» հայկական ավիաընկերության համասեփականատերերս, մեր մտահոգությունն ենք ցանկանում հայտնել 2015 թվականի օգոստոսի 15-ին «ԷյրԱրմենիա» ընկերության 51%-ի բաժնետեր և ընկերության տնօրեն պարոն Արսեն Ավետիսյանի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։
Ընկերության յուրաքանչյուր աշխատակցի անձնական անվտանգությունը և ազատ գործելու իրավունքը հանդիսանում է «Էյր Արմենիա» ընկերության կարևորագույն նախապայմաններից մեկը և գործունեության կազմակերպման գրավականը։
Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին զգոնության, արագ և նպատակային միջոցառումների իրականացման, Արսեն Ավետիսյանի և նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար:
Միևնույն ժամանակ, կոչ ենք անում կողմերին պահպանել հավասարակշռություն և ողջախոհություն՝ առաջ եկած խնդիրների լուծման համար:
Մենք պատասխանատվություն ենք ստանձնել ընկերության ներդրումային քաղաքականության իրականացման, ընկերության պարտքերի և պարտավորությունների՝ այդ թվում 250 աշխատակիցների և գործընկեր կազմակերպությունների նկատմամբ, որոնք երկար ժամանակ է հանդիսանում են «Էյր Արմենիա»-ավիաընկերության լավագույն գործընկերները: Վերջին իրադարձությունները կարող են վտանգել «Էյր Արմենիա» ավիաընկերության ներդրումային ծրագրերը և իրականացվող բարեփոխումները:
Այդ իսկ պատճառով, խնդրում ենք կողմերին և իշխանությունների ներկայացուցիչներին տվյալ իրավիճակում գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհը»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Air Armenia-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանը օգոստոսի 15-ին երեկոյան ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով ստացել էր քթի ոսկրի կոտրվածք` թեթև տեղաշարժով և ազդրի թիակի թեթև սալջարդ: Գլխավոր դատախազությունը ոստիկանությունից պահանջել և ստացել էր ծեծի կապակցությամբ նախապատրաստված նյութերը և դրանք ուղարկել Հայաստանի քննչական կոմիտե:ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը նյութերն ընդունել է վարույթ, կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն։
ՔԿ-ից տեղեկացրել էին, որ գրություն է ուղարկվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ պահանջելով տրամադրել Ա.Ավետիսյանի հիվանդության պատմագիրը և բժշկական հետազոտության արդյունքները (այդպիսիք ունենալու դեպքում)՝ դատաբժշկական փորձագետներին ներկայացնելու համար։ Ըստ աղբյուրի, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծելու դեպքի մասին նյութերը դատախազությունն ուղարկել է քննչական կոմիտե
«Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջը ծեծի ենթարկելու փաստով հետաքննություն է կատարվում
«Էյր Արմենիա»-ի սեփականատերը քթի կոտրվածք է ստացել
Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծելու հարցը պետք է լուծվի իրավական դաշտում. Հովիկ Աբրահամյան
Air Armenia-ի սեփականատիրոջը ծեծի ենթարկելու դեպքի վայրի լրացուցիչ զննություն է կատարվել