Միասին մենք կարող ենք և պարտավոր ենք կառուցել ավելի մարդկային աշխարհ. Բան Կի Մուն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ուղերձ է հղել Մարդասիրության համաշխարհային օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Այսօր՝ Մարդասիրության համաշխարհային օրը, մենք բարձր ենք գնահատում ողջ աշխարհի այն աշխատակիցների և կամավորների անշահախնդիր նվիրվածությունն ու անձնուրաց աշխատանքը, ովքեր իրենց կյանքը, հաճախ անձնական մեծ ռիսկի գնով, նվիրում են աշխարհի բնակչության ամենախոցելի խմբերին օգնելուն:
Այս տարի ավելի քան 100 միլիոն կին, տղամարդ և երեխա ունեն մարդասիրական օգնության կենսական կարիք: Հակամարտություններից տուժած մարդկանց թիվը հասել է այնպիսի մի մակարդակի, որը չէր գրանցվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Միաժամանակ զգալի է նաև բնական և մարդածին աղետների հետևանքով տուժածների թիվը:
Այս օրը, մենք հարգանքի տուրք են մատուցում նաև մեր ընդհանուր մարդասիրությանը: Ընտանիքներն ու համայնքները, որոնք այսօր պայքարում են ստեղծված արտակարգ պայմաններում գոյատևելու համար՝ ցուցաբերում են տոկունություն ու արժանապատվություն: Նրանք կարիք ունեն և արժանի են, որպեսզի մենք կրկին մեզ վրա վերցնենք ամեն հնարավորը անելու նոր պարտավորություն՝ տրամադրելով նրանց միջոցներ ավելի լավ ապագա կառուցելու համար:
Մեզանից յուրաքանչյուրը կարող է փոխել իրավիճակը: Այսօրվա աշխարհում, որտեղ մարդիկ, հաղորդակցվելով էլեկտրոնային միջոցներով, ավելի սերտ են կապված միմյանց հետ քան երբևէ, մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի և պարտավոր է ոգեշնչել իր ընկերներին և ծանոթներին օգնել մյուսներին՝ ավելի մարդկային աշխարհ կառուցելու համար:
Մարդասիրության համաշխարհային օրը ես կոչ եմ անում բոլորին որպես այս աշխարհի քաղաքացիներ, ցուցաբերել համերաշխություն և միանալ #ShareHumanity արշավին: Ընդամենը մեկ օր սոցիալական ցանցերի ձեր էջերը նվիրելով այս արշավին՝ դուք կարող եք խթանել մարդասիրական գործողությունները և օգնել ձայն տալու բոլոր նրանց, ովքեր զրկված են այդ ձայնից՝ կիսվելով ճգնաժամի, հույսի և ճկունության մասին նրանց պատմություններով:
Մյուս տարի մայիսին, Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում տեղի կունենա Մարդասիրության հարցերով համաշխարհային գագաթաժողովը: Գագաթաժողովը հարթակ կտրամադրի պետությունների ղեկավարներին, կառավարություններին, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, ճգնաժամից տուժած համայնքների առաջնորդներին և բազմաբնույթ գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին բարձրաձայնել նոր և համարձակ համագործակցությունների և նախաձեռնությունների մասին, որոնք մեծապես կնվազեցնեն տառապանքները և, միևնույն ժամանակ, կամրապնդեն Կայուն զարգացման 2030 օրակարգը:
Ես հույս ունեմ, որ հասարակության բոլոր խավերի օժանդակությամբ, Մարդասիրության հարցերով համաշխարհային գագաթաժողովը կպսակվի հաջողությամբ: Միասին մենք կարող ենք և պարտավոր ենք կառուցել ավելի մարդկային աշխարհ՝ մարդկային կյանքեր փրկող մարդասիրական գործողությունների ծավալման առավել խորը նվիրվածությամբ»: