Բանգկոկում ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածում են ույղուրներին
Թաիլանդի հատուկ ծառայությունները ենթադրում են, որ Բանգկոկում տեղի ունեցած պայթյունը հնարավոր է ույղուր ահաբեկիչների ձեռքի գործը լինի: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին The Bangkok Post-ին հայտնել են իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրները:
Նրանք չեն բացառում, որ ահաբեկչության կազմակերպիչները փորձել են վնաս հասցնել հենց չինացի զբոսաշրջիկներին:
Որպես դրդապատճառներից մեկը դիտարկվում է հուլիսին Չինաստանից 109 ույղուր փախստականների բռնագաղթեցման համար վրեժը: Դա թաիլանդցի մահմեդականների և իրավապաշտպանների բողոքի զանգվածային ակցիաների էր հանգեցրել: Այդ վարկածի անուղղակի հաստատում կարող է լինել փաստը, որ երկու շաբաթ առաջ Բանգկոկում չինական դեսպանությունը դիմել է ոստիկաններին՝ խնդրելով ուժեղացնել իրենց պաշտպանությունը, իսկ Թաիլանդի հատուկ ծառայությունները երկրի ղեկավարությանը զգուշացրել էին չինացի տուրիստների վրա հնարավոր հարձակումների մասին:
Բացի այդ պարբերականի տեղեկությամբ, ոստիկանությունը ներկայում հատուկ գործողություն է իրականացնում հանցագործին ույղուրական թաղամասում ձերբակալելու համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Բանգկոկում Grand Hayatt Erawan հյուրանոցի հարևանությամբ ռումբ է պայթել: Պայթյունի հետևանքով զոհվել է 22 մարդ, 123-ը տուժել: Զոհերից ութն օտարազգի են, այդ թվում նաև Չինաստանի 5 քաղաքացի:
Պայթյունի համար պատասխանատվությունը որևէ մեկը չի ստանձնել: Հաջորդ օրը Բանգկոկում ևս մեկ ահաբեկչություն է եղել. տուժածներ չեն եղել: