Ս. Կարապետյան. Վրաստանի համար կարող է օգտակար լինել խաղողի սորտերի աճեցման հայկական փորձը
Անհրաժեշտ է երկուստեք ջանքեր ներդնել Հայաստանի ու Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ: Նման հայտարարություն են արել Հայաստանի ու Վրաստանի գյուղատնտեսության նախարարները կայացած առանձնազրույցի ժամանակ:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախարարներն ընդգծել են առկա ներուժի առավելագույնս արդյունավետ իրացման կարևորությունը:
Սերգո Կարապետյանը հավելել է, որ Վրաստանի համար կարող է օգտակար լինել խաղողի սեղանի սորտերի աճեցման տեխնոլոգիաների, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների զարգացման հայկական փորձը:
Նախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության բնագավառում հարաբերությունների ընդլայնման և նոր ուղղություններով փոխգործակցության զարգացման շուրջ:
Երկու հարևան երկրների ագրարարային ոլորտի պատասխանատուներն առանձնացրել են փորձի փոխանակման հնարավորությունները մասնավորապես ձկնաբուծության ոլորտում և «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» (ENPARD) շրջանակում, որն ուղղված է գյուղատնտեսության եւ գյուղականհամայնքների կայուն եւ համապարփակ զարգացմանը:
Առանձնահատուկ կարևորվել է փոխայցելությունների ակտիվացումը երկու հարևան երկրների միջև ինչպես պաշտոնական մակարդակում, այնպես էլ մասնագիտական շրջանակներում:
Նախարարները ևս մեկ անգամ ընդգծել են ձեռներեցության խթանման կարևորությունը համատեղ նոր ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ` մատնանշելով հայ և վրացի գործարարների համատեղ ներդրումներով ստեղծված «Իխտիոսի» ձկնաբուծարանի հաջողված օրինակը:
Այնուհետև Սերգո Կարապետյանն իր վրացի պաշտոնակցի ուղեկցությամբ ուղևորվել է Կախեթի, որտեղ այցելել է «Կինձմարաուլիս մարանի» գինեգործական ընկերություն, «Մեխանիզատոր» ծառայությունների կենտրոն: