ՆԱՏՕ-ի օդադեսանտային զորքերը զորավարժություններ են անցկացնում Եվրոպայում
ՆԱՏՕ-ի օդադեսանտային զորքերը Եվրոպայում անց են կացնում զորավարժություններ, որն իր էությամբ խոշորագույնն է սառը պատերազմի ավարտից ի վեր: Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 13-ին: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:
ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում են ավելի քան 4.800 զինվորական Բուլղարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Նիդերլանդներից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից:
««Swift Response 15» անվանումը կրող զորավարժությունները համարվում են աշխարհամասում ամենախոշորը սառը պատերազմի ավարտից ի վեր»,- հաղորդում է ԱՄՆ ՊՆ-ն:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ զորավարժությունների գագաթնակետը կլինի օգոստոսի 26-ին, երբ դաշինքի ռազմական ինքնաթիռները կիջեցնեն 1000-ից ավելի դեսանտայիններ և ռազմական սարքավորումներ գերմանական Հոենֆելսե զորավարժարանում:
Նշենք, որ նախօրեին հայտարարվեց օգոստոսի 11-ից 22-ը ՆԱՏՕ-ի՝ ռազմածովային զորավարժություններ անցկացնելու մասին, որը տեղի կունենա Իոնական ծովում: