Թեհրանի «Շոա» հրապարակը` Գագիկ Թումանյանի անունով
«Թեհրանի «Շոա» հրապարակը վերանվանվել է հայ նահատակ Գագիկ Թումանյանի անունով»,-այդ մասին հաղորդում է իրանական «Դեֆափրեսս.իր» կայքը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Թեհրանի քաղաքային խորհրդի ղեկավարի տեղակալ Թալային հրապարակի անվանակոչության արարողության ժամանակ նշել է, որ շուտով քաղաքի վայրերից մեկը կանվանակոչվի հայ նահատակների անունով:
ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանն էլ, ողջունելով Թեհրանի քաղաքապետարանի նախաձեռնությունը, նշել է, որ իրանաիրաքյան պատերազմի ժամանակ բազմաթիվ երիտասարդ իրանահայեր իրենց կյանքն են տվել Իրանի համար:
Նկատենք, որ 1980-88թթ. տեղի ունեցած իրանաիրաքյան ութամյա պատերազմը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համարվում է ամենատևական լոկալ պատերազմը, որին 17 հազար հայ է մասնակցել, նրանցից 260-ը` զոհվել են: