Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիները»` պարսկերենով
Թեհրանում «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հանձնախմբի» նախաձեռնությամբ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքների շրջանակում պարսկերեն լեզվով հրատարակվել է արևմտահայ անվանի գրող, երգիծաբան, լրագրող և հրապարակագիր Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ 1914-1919, անձնական հիշատակներ» գիրքը, որը հեղինակի հուշագրություններն է Ցեղասպանության և բռնագաղթի օրերից: Այս մասին տեղեկանում ենք «Արաքս» շաբաթաթերթից:
416 էջանոց գիրքը հրապարակվել է 1100 տպաքանակով: Գիրքը պարսկերեն է թարգմանել իրանահայ տաղանդավոր թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանը:
1915 թ-ի Մեծ եղեռնի ժամանակ Օտյանին հաջողվել է ազատվել աղետից, սակայն օգոստոսի վերջերին ձերբակալվել ու աքսորվել է արաբական անապատներ: Օտյանը Դեյր էզ Զորում մնացել է մինչև 1918 թ.: Նրան փրկել է դիպվածը. ազգությունը թաքցրած հայ վարորդը տարագրյալ հայերի մեջ ճանաչել է Օտյանին՝ Համայի վարժարանի (Սիրիայում. այստեղ Օտյանը դասավանդել է 1916 թ-ի վերջերից մինչև 1917 թ-ի ապրիլը) իր ուսուցչին, գաղտնի դուրս է բերել և տարել մի ապահով վայր: 1918 թ-ի զինադադարից հետո Օտյանը վերադարձել է Կոստանդնուպոլիս, սակայն 1922 թ-ին նորից հեռացել է այնտեղից, մեկնել Բուխարեստ, 1924 թ-ին տեղափոխվել Սիրիա, ապա՝ Կահիրե: