Իրանի շուրջ իրավիճակի հանգուցալուծումը ազդեցություն կունենա տարածշրջանի վրա
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ Կարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի ավագ գիտաշխատող Պոլ Ստրոնսկին տեսակետ է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի հարցի հանգուցալուծումը լուրջ ազդեցություն կունենա տարածաշրջանային գործընթացների վրա:
Վերջինիս կարծիքով՝ այդ համաձայնությունը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ օգտագործել առկա տնտեսական և տրանսպորտային կապերը:
«Հայ-իրանական սահմանը բաց է, բայց իրականում Հայաստանի համար Իրանն այնքան էլ հուսալի գործընկեր չէ դեպի արտաքին աշխարհ դուրս գալու համար՝ պատժամիջոցների պատճառով: Բայց բաց սահմանն Իրանի հետ, որն ինտեգրված է գլոբալ տնտեսական և առևտրային համակարգերին, կարող է ամրապնդել Հայաստանի տնտեսական և քաղաքական անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում: Հայաստանի համար սա դեպի Պարսից ծոց և Եվրոպա ավելի մատչելի կապի հնարավորություն է: Սակայն այս գործընթացն արագ տեղի չի ունենա: Վստահ եմ, որ Ադրբեջանն անհանգստացած է տնտեսական և քաղաքական տեսանկյունից՝ հաշվի առնելով Իրանում էթնիկ ադրբեջանցի բավականին խոշոր բնակչության փաստը: Իրանի շուրջ համաձայնությունը նաև թուլացնում է Անդրկասպյան գազամուղի նշանակությունը: Սա արդեն ավելի լուրջ և թանկարժեք նախագիծ է»,- նշել է Պ. Ստրոնսկին:
Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերությունների սերտացմանը պաշտոնական Մոսկվայի հնարավոր արձագանքներին, ապա, ըստ փորձագետի, ՌԴ-ն ավելի շատ անհանգստացած է Իրանում սեփական տնտեսական շահերով, քան այն հարցով, թե ձեռք բերված համաձայնագիրն ինչ հետևանքներ կունենան Հայաստանի և տարածաշրջանի համար:
«Ռուսաստանը Հայաստանի տնտեսական ներդրումների ոլորտում ունի գերիշխող դերակատարություն, և նպատակներ ունի պատժամիջոցների վերացումից հետո ներդրումներ կատարել նաև Իրանում: Չեմ կարծում, որ պաշտոնական Մոսկվան դեմ կարտահայտվի հայ-իրանական գործարքներին, եթե դրանք չհակասեն ՌԴ-ի շահերին: Ընդհակառակը, հաշվի առնելով ՌԴ-ի՝ ՀՀ տնտեսության ռազմավարական նշանակության ոլորտներում գերիշխող դերակատարությունը, այդ գործարքները կարող են օգտակար լինել ՌԴ-ի համար»,- նշել է Պոլ Ստրոնսկին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները