Stratfor. Արևմուտք-Ռուսաստան հակամարտության նոր կիզակետ կարող է դառնալ Կովկասը
Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական բախումը թուլանալու փոխարեն ավելի կահագնանա, իսկ բախման կիզակետը Ուկրաինայից կարող է տեղափոխվել Կովկաս, մասնավորապես՝ Վրաստան Հայաստան և Ադրբեջան: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նման տեսակետ են հայտնել ամերիկյան Stratfor հետախուզավերլուծական ընկերության փորձագետները:
Հետազոտության հեղինակները գտնում են, որ 2008թ. Վրաց-օսական ռազմական հակամարտությունից հետո Ռուսաստանը ամրապնդել է Հայաստանում իր ռազմական ներկայացուցչությունը և էլ ավելի է ամրապնդել երկրում իր տնտեսական և քաղաքական դիրքերը: Դրա հետ մեկտեղ Աբխազիայում և Հարավային Օսիայում ռազմական ներկայացուցչությունը, ինչպես նաև անվտանգության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությունը Ռուսաստանի համար ապահովում է տարածաշրջանում գերիշխող ռազմական ուժի դերը:
«Այնուամենայնիվ, Արևմուտքը մտադիր չէ թույլ տալ նախկին ԽՍՀՄ տարածքում Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը»,- նշվում է վերլուծության մեջ:
Փորձագետները նշում են, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձություններում Պետդեպը սատարեց երկրի պրոռուսական իշխանությունների տապալման գործընթացին:
«Արևմտյան երկրները հստակ հասկացրին, որ դրանց աջակցությունը Ուկրաինայով չի սահմանափակվում: Արևմուտքը սկսեց նոր ռազմաբազաներ կառուցել կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և էլ ավելի ընդլայնել հետխորհրդային երկրների հետ համագործակցությունը անվտանգության ոլորտում»,- նշվում է հոդվածում:
Stratfor-ի փորձագետների կարծիքով, Արևմուտք-Ռուսաստան հակամարտության նոր կիզակետ կարող է դառնալ Կովկասը, ինչի մասին վկայում են այս տարվա օգոստոսի վերջին նախատեսված Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացումը:
Բացի դրանից, ըստ փորձագետների, ուկրաինական հակամարտությունից հետո սկսել է սրվել նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
Ռուսաստանը ԼՂ հակամարտության հարցում, ըստ փորձագետների, բավականին զուսպ դիվանագիտական դիրքորոշում ունի և կոչ է անում կողմերին շարունակել երկխոսությունը: Փորձագետները նշում են, որ դրա հետ մեկտեղ Մոսկվան զենք է մատակարարում հակամարտության երկու կողմերին: