ՄԱԿ. Եմենում հակամարտության հետևանքով օրական մահանում կամ վիրավորվում է 8 երեխա
ՄԱԿ մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նոր զեկույց է հրապարակել, համաձայն որի Եմենում այս տարվա մարտից սկսված ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է 398 երեխա, իսկ ավելի 600 եմենցի տղա և աղջիկ վիրավորվել է: Այս մասին ասվում է ՄԱԿ պաշտոնական կայքում:
Զեկույցում ասվում է, որ Եմենում ամեն ամիս զոհվում են տասնյակ երեխաներ, շատերն ապրում են մշտական վախի մթնոլորտում: Օրական մահանում կամ վիրավորվում է 8 երեխա, սակայն սրանք միայն պաշտոնական թվեր են և, հնարավոր է, ավելի մեծ են: Բացի այդ միլիոնավոր երեխաներ հնարավոր է զոհվում են թերսնուցման ու հիվանդությունների պատճառով, քանի որ երկրում անհասանելի են սոցիալական ծառայությունները: Այսօրվա դրությամբ Եմենում 10 մլն երեխա հրատապ հումանիտար օգնության կարիք ունի:
Զեկույցում նաև նշվում է մտահոգիչ միտման մասին՝ կապված եմենցի երեխաներին զինված ստորաբաժանումների շարքերում հայտնվելու հետ: Հուլիսի վերջի դրությամբ, հակամարտության կողմերը հավաքագրել են 377 երեխայի:
Հիշեցնենք, որ Եմենում կառավարական ուժերի և հուսիների միջև հակասությունները թեժացել էին 2014 թվականի օգոստոսից: 2015 թվականի հունվարին հուսիները գրավեցին մայրաքաղաք Սանան, ինչի հետևանքով նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին փախավ Ադեն, իսկ մարտին՝ Ադենից Սաուդյան Արաբիա: Մարտի 26-ից Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան օդային հարվածներ սկսեց հուսիների դիրքերի ուղղությամբ: