Հայաստանցիների 73%-ը դրական է գնահատել էլէներգիայի թանկացմանը հաջորդած ցույցերը
«Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով Բաղրամյան պողոտայի իրադարձությունների վերաբերյալ վերջին հետազոտությունները, ասաց, որ հայաստանցիների 73%-ը լիովին դրական է գնահատել էլեկտրաէներգիայի թանկացմանը հաջորդած Բաղրամյան պողոտայում ցուցարարների գործողությունները:
Հետազոտությունը ընդգրկում է հուլիսի 6-13-ն ընկած ժամանակահատվածը, հարցմանը մասնակցել է 1106 մարդ:
Այսպիսով, հարցին, թե ինչպես կգնահատեն ցուցարարների գործողությունները, հարցվածների 73%-ը պատասխանել է լիովին դրական, 22%-ը՝ ավելի շուտ դրական, 2%-ը՝ ավելի շուտ բացասական, 2%-ը՝ ընդհանրապես բացասական, 1%-ը դժվարացել է պատասխանել հարցին:
Ա.Նավասարդյանը նշեց, որ հարցումների միջոցով փորձել են ճշտել, թե քաղաքացիները ինչ են կարծում՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանն ուղղված բողոքի ակցիաները ում կողմից է կազմակերպվել: Հարցման մասնակիցների 90%-ը գտել է, որ ցույցը ինքնակազմակերպված սոցիալական շարժում է, որն ուղղված է միայն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: 2%-ը նշել է, որ ցույցը կազմակերպված է արտաքին ուժերի կողմից, 2%-ը՝ քաղաքական ուժերի կողմից: Հարցվածների 2%-ը նաև կարծում է, որ այն կազմակերպվել է իշխանությունների կողմից՝ հասարակության ուշադրությունը այլ խնդիրներից շեղելու նպատակով:
Մեկ այլ հարցին, թե արդյոք հետևել են էլէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ իրադարձություններին, 1106 հարցվածների 95%-ը պատասխանել է, որ հետևել են, իսկ 5%-ը բացասական պատասխան է տվել: Հարցվածների 80%-ը նաև պատասխանել է, որ ցույցին հետևել է հեռուստացույցով, 49%-ը՝ ինտերնետով, 13%-ը՝ շրջապատից ստացված տեղեկություններով, 3-ական տոկոսը՝ ռադիոյով և մամուլով, 2%-ը այլ միջոցներով:
Մեկ այլ հարցին, թե անձամբ մասնակցել են ցույցերին, հարցվածների 15%-ը պատասխանել է՝ այո, իսկ 85%՝ը բացասական պատասխան է տվել: 15 տոկոս մասնակիցներից նաև հետաքրքվել են, թե ինչպես են մասնակցել ցույցին, նրանց 73%-ը պատասխանել է, որ մասնակցել է Բաղրամյան պողոտայում, 24%-ը՝ Ազատության հրապարակում, 11%-ը՝ Գյումրիում, 7%-ը՝ ֆեյսբուքի միջոցով, 1%-ը՝ այլ քաղաքներում, իսկ 2%-ը պատասխանել է՝ այլ վայրում:
Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ջրցան մեքենաների միջոցով ցրեց ցուցարարներին, ինչպե՞ս եք գնահատում ոստիկանների աշխատանքը հունիսի 23-ին, հարցվածների 1%-ը պատասխանել է լիովին դրական, 3%-ը՝ ավելի շուտ դրական, 26%-ը՝ ավելի շուտ բացասական, իսկ 67%-ը պատասխանել է՝ ընդհանրապես բացասական: Այսպիսով, ընդհանուր բացասական թիվը կազմում է 93%:
Իսկ այն հարցին, թե ինչպես են գնահատում ընդհանուր առմամբ ոստիկանների աշխատանքը էլէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված բողոքի ցույցերի ընթացքում, 1106 հարցվածների 1%-ը պատասխանել է լիովին դրական, 22%-ը՝ ավելի շուտ դրական, 38%-ը՝ ավելի շուտ բացասական, 34%-ը՝ ընդհանրապես բացասական: