Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարական է տվել
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երեկ հայտարարել է իր հրաժարականի մասին: Առաջիկա ամսվա ընթացքում Հունաստանում նախատեսվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին հաղորդում է գերմանական «Deutsche Welle»-ն:
«Հունվարի 25-ի ընտրությունների արդյունքում ստացված քաղաքական մանդատն իրեն սպառել է, և այժմ հույն ժողովուրդը պետք է ասի իր խոսքը»,-հայտարարել է Ցիպրասը երեկ երեկոյան հեռուստատեսային ուղերձի ժամանակ:
Նա նշել է, որ իր կառավարությունը ճիշտ քաղաքականություն է վարել և կարողացել է միջազգային վարկավորողների հետ բանակցությունների արդյունքում Հունաստանի համար առավելագույն նպաստավոր պայմաններ ձեռք բերել`ապահովելով առաջիկա 3 տարիների համար նախատեսված 86 մլրդ. եվրոյի վարկային աջակցություն: Այդուհանդերձ, Հունաստանի վարչապետը նշել է նաև, որ իր գործողությունները հույն ժողովրդի դատին ներկայացնելու խորը բարոյական պարտք է զգում:
Դիտորդները կարծում են, որ առաջիկա արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 20-ին:
Reuters գործակալության գնահատմամբ` ԵՄ-ի հետ բանակցություններում իր կոշտ և անզիջում դիրքորոշման շնորհիվ Ալեքսիս Ցիպրասը մեծ ժողովրդականություն է վայելում, և նրա գործողությունները դրական է գնահատում Հունաստանի բնակչության 60 տոկոսը: