Խ. Հարությունյան. Սահմանադրական բարեփոխումների նախագծում իրավունքի ոլորտում լուրջ ձեռքբերումներ կան
«Եթե սահմանադրական բարեփոխումների այս նախագիծն այս տեսքով դրվեր հանրաքվեի, կարծում եմ, նրանց համար, ովքեր հույս ունեն, որ այս սահմանադրության ընդունմամբ երկրում բարենպաստ պայմաններ կհաստատվեն, իրավունքը գերակայություն կդառնա, պետական համակարգում ավելի արդյունավետ մեխանիզմներ կգործեն, արդարացված կլինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:
Ըստ նրա, ներկայացված նախագիծը 2005 թվականին ընդունված Սահմանադրությունից որակապես տարբերվում է նաև իրավունքի ոլորտում արձանագրված փաստերով. «Իրավունքի ոլորտում բավականին լուրջ տեղաշարժեր, ձեռքբերումներ կան նախագծում»:
Խ. Հարությունյանի խոսքով, այսօր շատերը սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումների ժամանակ անդրադառնում են բացառապես կառավարման համակարգին, բոլորին հիմնականում հետաքրքրում է կառավարման համակարգի փոփոխությունը:
«Օբյեկտիվ է, ֆունդամենտալ փոփոխություն է առաջարկում: Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ դեռևս տարիներ առաջ խորհրդարանական ընդդիմադիրներն անհրաժեշտություն էին համարում սահմանադրական բարեփոխումները, կառավարման համակարգի փոփոխությունը, որպեսզի կարողանան ազատվել ՀՀԿ-ից: Այլ ճանապարհ նրանք չէին տեսնում: Միակ ճանապարհը համարում էին խորհրդարանական համակարգին անցնելը»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Պատասխանելով հարցին, թե այսօր ընդդիմությունը հիմնականում քննադատում է սահմանադրական բարեփոխումների նախագիծը, ոգևորված չէ կառավարման համակարգի փոփոխությամբ, Խ. Հարությունյանն ասաց. «Եթե ազնիվ էին, իրականում մտահոգ էին հանրային կյանքում պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմամբ, ապա հայեցակարգի մշակման ժամանակ պետք է իրենց առաջարկները ներկայացնեին կամ գոնե այս փուլում մասնակցեին քննարկումներին: Եթե դա չեն անում, մնացածն ինձ համար ընդամենը զրույց է, քաղաքականության հետ որևէ առնչություն չունի»:
Խ. Հարությունյանը կարևորեց նաև այն փաստը, որ այս նախագծում առաջին անգամ խոսվում է սոցիալական պետության մասին, տրված է սոցիալական պետության սահմանումը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում