Բրիտանական հատուկ ծառայությունը 20 տարի հետևել է նոբելյան մրցանակակրին
Բրիտանական հատուկ ծառայություններն ավելի քան 20 տարի հետևել են գրականության ոլորտում նոբելյան մրցանակակիր գրող Դորիս Լեսսինգին: ՏԱՍՍ-ը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ նրա մասին հավաքվել էր 5 հատորանի «դոսյե», որն այժմ հրապարակվել է և գտնվում է Ազգային արխիվում:
Հայտնի գրողին սկսել են հետևել 1944 թվականից: Այդ ժամանակ նա իր կոմունիստ ամուսնու հետ ապրում էր Հարավային Ռոդեզիայում (ներկայիս՝ Զիմբաբվե)։ Հատուկ ծառայությունները շարունակել են հետևել նրան նաև Մեծ Բրիտանիայում՝ մինչև 1964թվականը:
«Դոսյեում» նաև հիշատակվում է այն մասին, որ 1952 թվականին նա բրիտանացի գրողների հետ այցելել է Խորհրդային միություն:
Անգլիացի գրող Դորիս Լեսսինգը (1919-2013 թթ.) Նոբելյան մրցանակի է արժանացել 2007 թվականին: Նա հայտնի էր իր կոմունիստական և ֆեմինիստական հայացքներով: