«Կասկածելի խաղադրույք» ասելով՝ Նորիկյանը նկատի է ունեցել, որ Սահմանադրության նոր նախագծում անորոշ տարրեր կան
«Փորձ է արվում ներդնել Սահմանադրություն, որը փոխում է պետական կառավարման ողջ փիլիսոփայությունը: Այդ փոփոխության մեջ կարող են անորոշության և ռիսկային գործոններ պարունակող դետալներ լինել, որոնք էլ նկատի ունենալով, ես նման արձանագրում եմ կատարել»,- մեզ հետ զրույցում մեկնաբանելով իր հայտարարությունը, թե սահմանադրության նոր նախագիծը «կասկածելի խաղադրույք» է, ասաց Փաստաբանների պալատի անդամ Նորայր Նորիկյանը:
-Պարոն Նորիկյան, նախօրեին հրավիրված ասուլիսի ընթացքում ասելի էիք, թե սահմանադրության նոր նախագիծը «պետության ապագայի նկատմամբ էժանագին և կասկածելի խաղադրույք է՝ անորոշ ելքով», ինչպե՞ս կհիմնավորեք Ձեր այդ մոտեցումը:
-Խնդիրը հետևյալում է, որ հրապարակ է բերվել մեկ նախագիծ, որն իրենից ենթադրում է հասարակական հարաբերությունների կարգավորման դաշտում ներդնել բոլորովին այլ գործիքակազմ և միջոցներ պետական կառուցվածքի, պետական իշխանության կառավարման, ձևավորման առումով, ինչը որոշակի անորոշության տարրեր է իրենից ենթադրում և պարունակում:
Կարծում եմ՝ առկա են որոշակի ռիսկային գործոններ, ինչը այս պայմաններում, եթե դուք ինքներդ էլ տեղյակ եք, դրանց վերաբերյալ բազմաթիվ մարդիկ հայտնում են իրենց մտավախությունները: Այդ թվում նաև սահմանադրական բարեփոխումները նախաձեռնող անձինք որոշակի մտավախություններ ունեն Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական կառավարական համակարգի ներդրման, ինստիտուտի և դրա տեղայնացման առումով:
Մենք պետք է հստակ գիտակցենք, որ անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում գործող Սահմանադրությունը, այսինքն՝ 1995թ. ընդունված Սահմանադրությունը, կիսանախագահական կառավարման համակարգ ունեցող Սահմանադրություն է, և հիմա փորձ է արվում ներդնել Սահմանադրություն, որը փոխում է պետական կառավարման ողջ փիլիսոփայությունը: Այդ փոփոխության մեջ կարող են անորոշության և ռիսկային գործոններ պարունակող դետալներ լինել, որոնք էլ նկատի ունենալով, ես նման արձանագրում եմ կատարել:
-Ձեր խոսքում Դուք անդրադարձել էիք մարդու իրավունքների հետ կապված մի շարք դրույթների (մարդու հոգեկան անձեռնմխելիության սկզբունքը, տղամարդկանց և կանանց իրավահավասարության սկզբունքը և այլն) և կասկածի տակ էիք առել դրանց հիմնավորվածությունը: Մինչդեռ նախագծի երկրորդ գլխի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը, որի պրոֆեսիոնալիզմին կասկածելու որևէ հիմք չկա, բավականին բարձր գնահատական էր տվել՝ նշելով, որ այնտեղ ներառված է եվրոպական առաջադեմ փորձը: Չե՞ք կարծում, որ ձեր մոտեցմամբ դուք դեմ եք գնում եվրոպական փորձը տեղայնացնելուն:
-Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների կամ դրա նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք հայտնող միջազգային խորհրդատվական խումբ է, որը կարող է այս կամ այն դրույթի կամ գլխի վերաբերյալ իր դրական կամ բացասական կարծիքը հայտնել:
Ես, ընդհանուր առմամբ, այդպիսի շեշտադրումներ չեմ արել, հետևաբար, հիմնական իմ շեշտադրումները ուղղված են եղել հետևյալին, որ իրավունք է վերապահվել օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց մասնակցելու ՏԻՄ ընտրություններին, ընտրելու և ընտրվելու, շեշտադրում է արվել նաև ՀՀ Նախագահին պատիժների ենթարկելու ընթացակարգին, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ ՀՀ Նախագահը կարող է պատժվել Սահմանադրության կոպիտ խախտման համար:
Իմ կողմից տարակուսանք է հայտնվել, թե ինչ է նշանակում Սահմանադրության կոպիտ խախտում այն դեպքում, երբ Սահմանադրությունը կամ խախտվում է կամ չի խախտվում: Ես նաև որոշակի մտահոգություն եմ հայտնել նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարած անձանց ընտրելու կամ ընտրվելու իրավունքին: Տպավորություն է, որ կարող են օրինական ուժի մեջ մտած դատավճռով մինչև հինգ տարի ազատազրկման դատապարտված դիտավորությամբ հանցագործություն կատարած անձին կամ մինչև տաս տարի անզգուշությամբ հանցագործություն կատարած անձին ընտրել կամ ընտրվել ընտրովի պաշտոններում:
Ինչ վերաբերվում է Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքին, ես հարգում եմ այդ կարծիքը, և դա իրենց գործն է՝ կարծիք հայտնել այս կամ դրույթի վերաբերյալ: Տեսակետներիս հիմնական շեշտադրումը պայմանավորված է հետևյալով, որ օրակարգ է դրվել մի նախագիծ, որը պարունակում է անորոշության տարրեր, որոնք կարող են որոշակի ռիսկային էլեմենտներ պարունակել, քանի որ դրանք դեռևս չեն տեղայնացվել ՀՀ պետական կառավարման կամ հասարակական հարաբերությունների կարգավորման դաշտում կամ մենք չգիտենք, դրանց տեղայնացումից հետո ինչպիսի արդյունավետություն դրանք կապահովվեն:
-Չե՞ք կարծում, որ նախագծում ներկայացված բազմաթիվ նոր կանոնակարգումներն ու ինստիտուտներն առաջընթաց են ապահովելու պետական համակարգի կայացման, իշխանությունների տարանջատման ու մարդու իրավունքների պաշտպանության համար:
-Դրա լավագույն պատասխանը կարող է տալ ժամանակը: 1995թ. Սահմանադրության ընդունվելուց հետո անցել է 20 տարի, այս ընթացքում գործող Սահմանադրության մեջ կան ողջունելի տարրեր պարունակող դրույթներ, ու կան դրույթներ, որոնք այս կամ այն ձևով արգելակում կամ կասեցնում են: Նույնը կարող է լինել այս նախագծում: Բայց նախ տեսնենք, վերջնական տեսքը ինչպիսին է լինելու, կընդունվի հանրաքվեի միջոցով, թե ոչ, դրանից հետո կյանքը ցույց կտա:
Այո՛, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, իսկապես կուզենամ, որ վերջիվերջո երկրի Մայր օրենքը ոչ միայն արդյունավետ գործի, այլ իր մեջ պարունակի արդյունավետ նորմեր և դրանք կարողանան կյանքի կոչվել և գործադրվել: Մեզ անհրաժեշտ է ոչ այնքան սահմանադրական փոփոխություն, այլ երկրում ամրապնդել սահմանադրականությունը, որ Սահմանադրության ցանկացած նորմ գործի, որ մարդիկ հստակ գիտակցեն, որ երկրում առկա են իրավունքի գերակայության վրա կառուցված հարաբերություններ և մենք ապրում ենք իրավական պետությունում: Այս գաղափարը պետք է արմատավորվի, և մենք կհասկանանք, որ իսկապես մի քայլ առաջ ենք գնացել, իսկ դա կլինի, թե ոչ, դրա լավագույն արձանագրողը լինելու է ժամանակը:
Զրույցը վարեց` Արմեն Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան