Օբամա. Իրանի միջուկային խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակն օրակարգում է
«Իրանի միջուկային խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակն օրակարգում է»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Իրանական աղբյուրը, հղում անելով «Financial Express» պարբերականին, հաղորդում է, որ Միացյալ Նահանգների նախագահը դեմոկրատ սենատորներին հղած նամակում, անդրադառնալով միջուկային խնդրի կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնությանը, նշել է, որ եթե Իրանը խախտի համաձայնագիրն ու ընթանա միջուկային զենք ձեռք բերելու ճանապարհով, ապա գործի կդրվի խնդրի լուծման ռազմական տարբերակը:
Օբաման նաև հավելել է, որ տնտեսական ճնշումներն ու միջուկային ծրագրին չվերաբերող Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հատկապես «Հեզբոլլահին» ցուցաբերվող աջակցությանը վերաբերող պատժամիջոցները կպահպանվեն:
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանն, արձագանքելով ԱՄՆ պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե ռազմական տարբերակն անկախ միջուկային համաձայնությունից, շարունակում է մնալ օրակարգում, մասնավորապես հայտարարել է. «Միացյալ Նահանգների պաշտոնատար անձինք պետք է իմանան, որ Իսրայելին աջակցելն ու Սիրիայի, Իրաքի և Եմենի ժողովուրդների ունեցվածքի ոչնչացումն աշխարհի առաջադեմ մարդկության և մուսուլմանների շրջանում, նույնիսկ Միացյալ Նահանգներում նողկանք է առաջացնում»: