Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Բաբայանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Բաբայանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:
«Հարգելի պարոն Բաբայան,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:
Դուք մեծ ավանդ ունեք արդի հայ քանդակագործության զարգացման և հարստացման գործում: Ձեր ստեղծագործությունները, մասնավորապես՝ Փարիզում տեղադրված Կոմիտասի հուշարձանը, ունեն ոչ միայն գեղարվեստական, այլև հասարակական-քաղաքական արժեք և հնչեղություն:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Նշենք, որ նկարիչն առավել հայտնի է Դավիթ Երևանցի անունով: Ծնվել է Երևանում, ապրում և ստեղծագործում է Փարիզում։
Քանդակներին բնորոշ են հին եգիպտական և ուրարտական արվեստի ավանդույթների արդիական վերաիմաստավորումները («Ուժ», 1984, բրոնզ, Փարիզ, «Կին», «Ղարաբաղցի կինը», երկուսն էլ՝ 1986 թ., բրոնզ, Երևան, Մեծ եղեռնին նվիրված երկու հուշարձան՝ 1980, 2000, բրոնզ, «Մարիաննա», 1995, հրակավ, երեքն էլ՝ Փարիզ, Գրիգոր Հասրաթյանին նվիրված հարթաքանդակ-կոմպոզիցիա, 2004, բազալտ, բրոնզ, Երևան)։
Հեղինակ է նաև դրվագումների («Կոմիտաս», 1968, բրոնզ, «Աղջիկ», 1972, պղինձ և այլն), գեղանկարների, դիմանկարների, մեդալների, դեկորատիվ-կիրառական իրերի։
Դավիթ Երևանցու Կոմիտասի բրոնզաձույլ արձանը, «Կոմպոզիտոր, երգահան Կոմիտասի և 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ 1500000 հայերի հիշատակին» մակագրությամբ, 2003 թվականին տեղադրվել է Փարիզի Կանադա հրապարակում։
Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Սոֆիայի պետական թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում, Փարիզի Հայկական թանգարանում, Փարիզի Նումիզմատիկայի թանգարանում, Փարիզի Ժամանակակից արվեստի պետական թանգարանում, Պրահայի պետական թանգարանում, Փարիզի դրամապալատում, Երևանի Շախմատի տանը, Պրահայի Կիրառարական արվեստիի թանգարանում և այլ թանգարաններում ու մասնավոր պատկերասրահներում։