Պաշտպանության խնդիրները սահմանադրական փոփոխությունների փաթեթում երաշխավորված են. Ս. Օհանյան (լուսանկարներ)
«Մարզաբազայում անցկացվող միջոցառումները և սպորտային մրցույթներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նախօրեին «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» մրցույթ-հավաքների մասնակիցներին այցելության ժամանակ:
Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է հավաքի դերը երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում. «Հայրենասիրական դաստիարակությունը ցանկացած երկրի ներուժի բաղադրիչն է: Մեր սերունդը պետք է հպարտ լինի, որ հնարավորություն ունի հաջորդ սերունդներին փոխանցելու այն արժեքները, որ ձեռք ենք բերել խորհրդային տարիներին: Անգին է մեր ստացած հայրենասիրական դաստիարակությունը, և անարժեք կլինի մեր գործունեության գինը, եթե պատշաճ մակարդակով չփոխանցենք մեր երեխաներին»: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
«Միություն-2015»-ի մասնակիցների հետ հանդիպումից հետո նախարարն այցելել է Ծաղկաձորում անցկացվող «Բազե-2015» համահայկական հավաքի մասնակիցներին: Սեյրան Օհանյանն անդրադարձել է ռազմական գործի առանձնահատկություններին, հայկական զինված ուժերի զարգացման հեռանկարներին ու ժամանակակից մարտահրավերներին, ինչպես նաև խնդիրների լուծման ծրագրային մոտեցումներին:
Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև բազեականներին հետաքրքրող հարցերին:
«Ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում օրըստօրե համալրում ենք մեր զինանոցը, ձեռք ենք բերում ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա, որոնք ավելի ճշգրիտ և ավելի հեռահար են, և ընդհանուր առմամբ անվտանգության համակարգի մեջ զսպման մեխանիզմների ձևավորման հիմք են կազմում»,-նշել է Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարը խոսել է նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մասին։
«Նպատակ է դրվել, որպեսզի յուրաքանչյուր զինվոր, պատասխանատվությունց բացի, իմանա նաև իր իրավունքները: Ի վերջո իրավունքների իմացության, արժանապատվության պահպանման համատեքստում ձևավորվում են համապատասխան կարողություններ, որոնք ասպետական հատկանիշներ են։ Զինված ուժերում արժանապատվության բարձր հատկանիշների պահպանումը կարևոր ուղղություն է։ Ես շատ դեպքերում հրամանատարներին հորդորում եմ, որ ավելի մեծ ուշադրություն դարձնեն մարդու անձնական սեփականության ամենակարևոր տարրին՝ արժանապատվությանը։ Արդեն իսկ այդ ուղղությամբ անցել ենք ծրագրային գործունեության՝ բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի, կաշառակերության դեմ պայքարի ծրագիր ունենք: Մոտ ժամանակներս պաշտպանության նախարարին կից ստեղծվելու է Բարեվարքության ամրապնդման և մարդու իրավունքների կենտրոն, որը նպաստելու է ազնվության և արդարության մթնոլորտի ձևավորմանը»,-նշել է նախարարը:
Խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ պաշտպանության նախարարությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում պաշտպանության և անվտանգության խնդիրների վերաբերյալ քննարկումներին. «Տարբեր քննարկումների, փոխլրացումների, լրամշակումների միջոցով մենք մեր առաջարկությունները ներկայացնում ենք: Կարող եմ ասել, որ պաշտպանության և անվտանգության խնդիրները սահմանադրական փոփոխությունների փաթեթում երաշխավորված են, և ավելին՝ երաշխավորված է հրամանատարական և կառավարման ուղղահայացը: Քննարկումները դեռ շարունակվում են և այդտեղ անհանգստանալու կարիք չկա»:
Նախորդող հրապարակումներ՝
Ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի մասնակիցները՝ Ծիծեռնակաբերդում
Պարգևատրման արարողություն՝ «Միություն 2015-հաղթանակի ժառանգներ» մրցույթ-հավաքի շրջանակում (լուսանկարներ)
Միություն 2015-հաղթանակի ժառանգներ». մեկնարկը տրված է (լուսանկարներ)