Դրամը կարժեզրկվի, իսկ տրանսֆերտները կկրճատվեն. տնտեսագետ
Ղազախական արժույթի՝ տենգենի արժեզրկումն էապես չի ազդի Հայաստանի տնտեսության վրա: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Նշենք, որ Ղազախստանում օգոստոսի 19-ին կտրուկ` 35,1%-ով արժեզրկվել է ազգային արժույթը: Արդյունքում, օգոստոսի 20-ից Ղազախստանն անցել է փոխարժեքի լողացող կուրսի քաղաքականությանը:
Վ. Խաչատրյանի խոսքերով՝ եթե որևէ արժույթ արժեզրկվում է 20 և ավելի տոկոս, ապա տեղի է ունենում արտարժութային ճգնաժամ. «Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որ ԵԱՏՄ երկրներից մեկում՝ Ղազախստանում մեկ քայլի միջոցով տեղի ունեցավ արտարժութային ճգնաժամ, և Ղազախստանն անցավ լողացող փոխարժեքի: Ռուսական ռուբլին նույնպես մոտ 20 տոկոսով արժեզրկվել է: Այսինքն՝ ԵԱՏՄ անդամ երկու երկրների արժույթ արժեզրկվել է, սակայն Հայաստանի տնտեսության վրա կազդի ոչ թե տենգենի, այլ ռուբլու արժեզրկումը»:
Տնտեսագետը գտնում է, որ ապագայում հայկական դրամը նույնպես կարժեզրկի, դրա համար հիմք կհանդիսանա նաև այն, որ ռուբլու արժեզրկման հետևանքով Ռուսաստանից եկող տրանսֆերտները կնվազեն. «Իմ կանխատեսումներով՝ 800 մլն-ից 1 մլրդ դոլարի չափով տրանսֆերտները կնվազեն, իսկ դա Հայաստանի համար լուրջ ցուցանիշ է»:
Այսպիսով, ըստ նրա, սպասվում է տարբեր արժույթների արժեզրկում: Դրան կարող է նպաստել նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տարվող քաղաքականությունը, ըստ որի՝ նախատեսվում է սեպտեմբերից բարձրացնել տոկոսադրույքները, արդյունքում՝ դոլարը կթանկանա ամբողջ աշխարհում:
«Մեկ հետաքրքիր փաստ ասեմ. սեպտեմբերը համարվում է համաշխարհային տնտեսության մեջ ամենաշատ ճգնաժամ ունեցած ամիսներից մեկը: Հիմա մենք նույնպես գտնվում ենք ռիսկային ճգնաժամային ժամանակահատվածում»,- ասաց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է առևտրաշրաջանառությանը, Վ.Խաչատրյանն ասաց, որ ԱՊՀ երկրներ Հայաստանից արտահանումը կազմում է ընդամենը 13 տոկոս, մինչդեռ միայն Չինաստան արտահանումը կազմում է 13.3 %: Այսինքն՝ հայկական ապրանքները Չինաստան ավելի շատ են արտահանվում, քան՝ ԱՊՀ երկրներ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա արտահանումը կազմում է 10.2 տոկոս: Տնտեսագետի խոսքերով՝ վերջին շրջանում մենք Ռուսաստանից սկսել ենք ավելի շատ ապրանք ներմուծել, քան արտահանել. «ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո Հայաստանը ռուսական և ԱՊՀ արտահանման շուկան սկսել է կորցրել, բայց Ռուսաստանից ներմուծում ավելացել է»:
Վ.Խաչատրյանն ասաց, ղազախական տենգենի արժեզրկումը էական ազդեցություն չի կարող ունենալ մեր տնտեսության վրա. «Սակայն Ղազախստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունի լուրջ առևտրաշրջանառություն, և բնական է, որ այն առաջին հերթին ազդի Ռուսաստանի վրա, իսկ երկրորդային ազդեցությունն այս դեպքում կկրի Հայաստանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան