Տավուշի մարզում իրականացվում է «Ակնոցներ Հայաստանի համար» նախագիծը
Արդեն երկրորդ տարին անընդմեջ Orange Հիմնադրամն իր աջակցությունն է ցուցաբերում «Ֆրանսիայի հայկական բժշկական միություն - Փարիզ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագրին, որն ուղղված է երեխաների մոտ տեսողության խնդիրների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը:
Այս տարի նախաձեռնության շրջանակներում Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի և 18 գյուղական համայնքների 6000-ից ավելի երեխաներ կանցնեն անվճար ակնային հետազոտություն, իսկ այն երեխաները, ում մոտ կհայտնաբերվեն խնդիրներ, կստանան հատուկ իրենց համար պարաստված ակնոցներ: Այս մասին տեղեկացնում են Orange Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ծրագրի շրջանակներում տեղի ակնաբույժների համար ֆրանսահայ մասնագետների կողմից կազմակերպվել և անցկացվել են ակնային հետազոտությունների վերաբերյալ հատուկ դասընթացներ, ինչը նույնպես ծրագրի կարևոր բաղկացուցիչներից է, քանի որ հնարավորություն է տալիս տեղի ակնաբույժներին վերապատրաստել և զինել նոր գիտելիքներով:
«Orange Հիմնադրամը մեծ ուշադրություն է դարձնում տեսողության խնդիրներ ունեցող անձանց, իսկ այս ծրագիրը հատկապես կարևորում ենք այն պատճառով, որ այն հնարավորություն է տալիս վաղ տարիքում բացահայտել խնդիրն ու կանխարգելել հետագա հնարավոր բարդություններն ու անգամ կուրությունը: Անցյալ տարի ավելի քան 240 երեխա ստացել է հատուկ պատրաստված ակնոցներ՝ ըստ յուրաքանչյուրի անհատական դեպքի: Անցած տարի ուսումնասիրված երեխաներից 80-ի մոտ հայտնաբերվել են այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին, ճիշտ ժամանակին միջամտության բացակայության դեպքում, ավելի մեծ տարիքում առաջացնել կուրություն: Ուրախությամբ ենք այս տարի նույն նախաձեռնությամբ հանդես գալիս նաև Տավուշի մարզում՝ գիտակցելով այս առաքելության ամբողջ պատասխանատվությունը»,-ասել է Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:
Ակնոցներ Հայաստանի համար» ծրագրի ղեկավար, բժիշկ Լեոն Արթինյանն էլ նշել է, որ այս ծրագիրն իրականացվում է 2004թ.-ից ի վեր, իսկ արդեն երկրորդ տարին է, ինչ մենք համագործակցում ենք Orange Հիմնադրամի հետ. «Ապրիլ ամսից սկսած՝ տեղի ակնաբույժները զննել են երեխաներին, այնպես որ մեր այցի ընթացքում մենք ընդունում ենք այն երեխաներին, ովքեր նախնական զննման արդյունքում ուղեգրվել են մեզ մոտ: Այժմ մենք մանրակրկիտ ուսումնասիրություն ենք անում, և մեր մասնագետները տեղում պատրաստում են անհատականացված ակնոց յուրաքանչյուր երեխայի համար»:
2011 թվականից ի վեր Orange Հիմնադրամն աջակցում է ակնաբուժության մեկ այլ մարզային լայնամասշտաբ նախագծի, որն իրականացվում է Հայկական Ակնաբուժության նախագծի հետ համատեղ և որի շրջանակներում 9 մարզերի ավելի քան 67,000 բնակիչ ստացել է անվճար ակնային հետազոտության, իսկ 5,200-ից ավելին՝ անվճար վիրահատություն կամ բուժում շարժական հիվանդանոցում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում