ՀՅԴ-ն կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպմանը
ՀՅԴ-ն մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ վաղը Երևանում նախատեսված հանդիպմանը: Լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«Մենք ասելիք ունենք: Բացի այդ, կտեսնենք մյուս ուժերի մոտեցումները»,- նշեց նա:
Ա. Ռուստամյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի առաջարկները համահունչ են իրենց մոտեցումներին:
«Վենետիկի հանձնաժողովն, ըստ էության, ընդհանուր առմամբ դրական է գնահատել: Որոշ հարցեր կան: Օրինակ, Ազգային ժողովի ընտրության առաջին և երկրորդ փուլերի հետ կապված Վենետիկի փորձագետները գտնում են, որ մանրամասները պետք է տարվեն «Ընտրական օրենսգիրք»: Մենք այդտեղ մի քիչ խնդիր ենք տեսնում. որպեսզի ավելի լայն մեկնաբանությունների տեղիք չտա, որոշ հաստատումներ, այնուամենայնիվ, Սահմանադրությամբ կատարվի, որ հետո հեշտ լինի ուղղորդել ընտրական գործընթացը, «Ընտրական օրենսգիրքն» ընդունվի սահմանադրական որոշակի սկզբունքներ ունենալուց հետո, որովհետև ամբողջ վեճն այդտեղ կտեղափոխվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահը հանձնարարել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին շարունակել երկխոսությունը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) հետ, վերջինիս նախնական կարծիքում ներկայացված այն հարցերի շուրջ, որոնց առնչությամբ դեռևս փոխհամաձայնեցված լուծումներ չկան: Օգոստոսի 25-ին Վենետիկի հանձնաժողովի փորձագետները ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում միասնական ձևաչափով կհանդիպեն հասարակական ու քաղաքական գործիչների հետ՝ քննարկելու սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին: Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
Նախորդող հրապարակումներ՝
Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպմանը ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կմասնակցեն, ՀԱԿ-ում դեռ չգիտեն
ՀՅԴ. Սահմանադրության փոփոխության նախագիծը 90-95 տոկոսով համապատասխանում է մեր պատկերացումներին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան