Ժողովուրդը ՍԴ այս փոփոխությանն էր սպասում, թե` այլ. կարծիքներ
Սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը ֆունդամենտալ փոփոխությունների նախագիծ է, մոդուլի և մոդելի փոփոխություն է, որին սպասում էր ժողովուրդը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը:
«Ես դեմ եմ այն կարծիքին, երբ ասում են ժողովուրդը սրան չէր սպասում: Մենք սրան սպասում էինք, այս փոփոխությամբ քաղաքական դաշտը կառողջանա: Ինչքան էլ ՀՀԿ-ին քննադատեն, ես կասեմ, որ ավելի լուրջ կուսակցություն չկա»,-նշեց Աճեմյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը գովելի համարեց նաև այն, որ փոփոխություններով զբաղվել են կայացած մասնագետները՝ սահմանադրագետները:
Հանդիպմանը ներկա Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահն էլ նշեց, որ ինքը կողմ է խորհրդարանական կառավարման համակարգին, բայց դեռ սահմանադրական փոփոխությունների նախագիծն իր հավանությանը չի արժանացել, և անգամ այս տարբերակը նահանջ ունի գործող սահմանադրությունից:
«Ես երբևիցե չեմ եղել գործող սահմանադրության կողմնակիցներից: Գործողը ինքը բավականին լուրջ արատներ ունեցող փաստաթուղթ է: Սակայն առաջարկված նախագիծը չի լուծում այդ արատները: Առաջարկված նախագծում ունենք ուժային կենտրոնի տեղափոխում, այլ ոչ թե ինշխանության բաժանում գործադիր, օրենսդիր և դատական մարմինների միջև»,-նշեց Սաֆարյանը:
Նա ընդգծեց, որ ինքը եղել է խորհրդարանական կառավարման կողմնակից, քանի որ գտնում է, այդ ճանապարհով կարելի է ստեղծել բազմակուսակցական կառավարման համակարգ:
Սաֆարյանը հակադրվելով Աճեմյանի տեսակետին, նշեց, որ հասարակությունը պահանջում էր համակարգային փոփոխություններ, սակայն այս փոփոխություններին չէր սպասում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում