Սեպտեմբերի 1-ը իսկական չարչարանք ծնողների համար
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը ծնողներին հորդորում է ուսումնական տարվա մեկնարկին նախատեսված գնումները կատարել ճիշտ խանութներից:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետն ասաց, որ ըստ իրեն՝ վերջին շրջանում առևտրի մի շարք մեծ կենտրոններ գնային ճկուն քաղաքականություն են վարում, ուստի և պետք է օգտվել նրանց մարկետինգային քաղաքականությունից:
Նա միաժամանակ նշեց, որ ինչպես բոլոր, այս շուկաներում նույնպես՝ թանկացում է նկատել, պատճառը՝ փոխարժեքի տատանումներն են: Այսպես, եթե անցյալ տարի նույն այս օրերին մեկ դոլարը գնվում էր 410 դրամով, այսօր արդեն մեկ դոլարը գնվում է 480, երբեմն նաև՝ 482 դրամով: Հիմնական գնաճն, ըստ Վ.Խաչատրյանի, մանրածախ խանութներում է նկատվում:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ անդրադառնալով սեպտեմբերմեկյան առևտրին, նշեց, որ թեև սեպտեմբերի 1-ը տոն է, բայց մեզ մոտ այն ոչ թե տոն է, այլ իսկական չարչարանք ծնողների համար:
«Եթե համեմատենք միջին աշխատավարձը, և նկատենք, որ որպես կանոն ընտանիքում աշխատում է մեկ հոգի, իսկ ինչպիսին է սպառողական զամբյուղը, եթե բաժանենք միջին աշխատավարձը չորս հոգու միջև, կտեսնենք, որ ամեն մեկի համար ապահովված չէ նույնիսկ նվազագույն ապառողական զամբյուղը: Այդ վիճակում մարդիկ տագնապի մեջ են ընկնում: Դրան գումարվում է նաև գների աճը»,- ասաց Ա.Պողոսյանը:
Արմեն Պողոսյանն անդրադարձավ նաև գնվող ապրանքի որակին: Անորակ են հատկապես Չինաստանից ներկրված դպրոցական պայուսակները:
«Դրանք չարիք են սպառողների համար»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է ապրանքների որակի ու պարտադիր սերտիֆիկացման խնդրին, Ա.Պողոսյանն ասաց, որ ներկրվող ապրանքները պահեստից վաճառասրահ գալու ճանապարհին է միայն սերտիֆիկատը դառնում պարտադիր: Պարտադիր հավաստագիր պահանջում են միայն առևտրի կետերում: Մինչդեռ սպառողների իրավունքի պաշտպանի համոզմունքով, երաշխավորված ապրանք պետք է ներկրվի հենց սահմանից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները