
Սուրբ խաչի պատարագը հետաձգվել է
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 6-ին նախատեսված պատարագը չեղյալ է հայտարարվել: Այս մասին տեղեկանում ենք Պոլսո հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից:
«Հայոց պատրիարքությունը, հաշվի առնելով վերջին շրջանում կատարվող ահաբեկչական հարձակումները և զոհերի մասին ստացվող լուրերը, ինչպես նաև Վան քաղաքում և շրջակա տարածքներում անվտանգության խնդիրներ չստեղծելու նպատակով, Սուրբ Խաչ եկեղեցում կազմակերպվող ամենամյա ուխտագնացությունը հետաձգում է»,- նշված է պատրիարքարանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2005 թ. թուրքական կառավարությունը ֆինանսավորել է Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը: 2007 թ. վերանորոգման աշխատանքներն ավարտվեցլ են: Իսկ 2010-ի սեպտեմբերի 19-ին 95 տարվա ընդմիջումից հետո Սուրբ Խաչում մատուցվել է պատարագ: Թանգարանի կարգավիճակով գործող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում տարին մեկ անգամ թույլատրվում է անցկացնել կրոնական արարողություն:
Եկեղեցին կառուցվել է հայոց թագավոր Գագիկ Արծրունու պատվերով 915-921թթ։