Սփյուռքահայ կամավորները հյուրընկալվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է տարբեր երկրներից ժամանած, 20-ից 32 տարեկան սփյուռքահայ երիտասարդների, ովքեր միջինը չորս ամիս շարունակ կամավորական սկզբունքով իրենց մասնագիտական հմտություններն են կիրառում մեր երկրի տարբեր համայնքներին օժանդակելու համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ կամավորներին ընդունել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով հյուրերին ներկայացրել է հեռահաղորդակցության ոլորտում առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձեռքբերումները, այն արժեքները, որոնցով առաջնորդվում է ընկերությունը, ինչպես նաև հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ընկերության կողմից իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է հայրենիքում աշխատելու միջոցով երկրին ծանոթանալու՝ սփյուռքահայ երիտասարդներին հնարավորություն ընձեռող նախաձեռնությունները: Ընկերությունը հավատացած է, որ Հայաստանը ճանաչելու լավագույն միջոցը ոչ թե որպես զբոսաշրջիկ այցելությունն է, այլ պատմական հայրենիքում աշխատելը կամ պարզապես կամավորական սկզբունքով մասնագիտական հմտությունների կիրառման միջոցով հասարակ մարդկանց կյանքի որակի բարձրացմանն ուղղված ջանքերի կիրառումն է ու դրանով՝ երկրին տեր կանգնելն է:
Հնարավոր չէ ինտեգրվել որևէ հասարակության, առավել ևս՝ երկրի տեր դառնալ առանց այդ երկրի բնակիչների հետ ամենօրյա շփման, առօրյա խնդիրների հետ առնչվելու և նրանց հետ ձեռք ձեռքի լուծումներ որոնելու գործին լծվելու:
«Դեպի Հայք» ծրագիրը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, 2004 թվականից կազմակերպել է 37 երկրից ժամանած ավելի քան 1000 հայ երիտասարդների կամավորական նախաձեռնությունների մասնակցությունը Հայաստանի տարբեր մարզերում: «Դեպի Հայք» ծրագրով Հայաստան ժամանողներն անմոռանալի փորձ են ստանում իրենց հասակակիցների հետ շփման և տեղում մասնագիտական հմտությունները կիրառելով:
«Օգտագործեք երիտասարդ տարիքին հասանելի հնարավորությունները՝ բաց եղեք նորը տեսնելու, այն զարգացնելու և երկրի առաջխաղացմանը նպաստելու մարտահրավերի առջև: Պարզապես ձեռք մեկնեք ձեր հայրենակիցներին փոքր գործեր անելով: Այս կերպ դուք կարող եք հարստանալ հոգեպես, կյանքի փորձ ձեռք բերել և այս կերպ՝ փոխել աշխարհը: Հիշեք, որ դուք Հայաստանի դեսպաններն եք աշխարհի տարբեր երկրներում և լավագույն օրինակը՝ձեր երեխաների համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ողջունելով ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հորդանանից, Սիրիայից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Ուրուգվայից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից և Կանադայից ժամանած կամավորներին:
Կամավորները Ռալֆ Յիրիկյանի հետ կիսվել են իրենց տպավորություններով և հարցեր ուղղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծման և անցած ուղու մասին: Հանդիպումից հետո, սփյուռքահայ երիտասարդները, Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ, շրջել են ընկերության գլխամասային մասնաշենքում: