ԻԻՀ ԱԳ նախարար. Դեռևս շատ վաղ է խոսել ԱՄՆ դեսպանության բացման մասին
«Դեռևս շատ վաղ է խոսել ԱՄՆ դեսպանության բացման մասին»,-այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Նշենք, որ նախօրեին Իրան էր այցելել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը. այցի ընթացքում վերաբացվել էր Թեհրանում Մեծ Բրիտանիանի դեսպանությունը: Նույն օրը համապատասխանաբար վերաբացվել էր նաև Լոնդոնում Իրանի դեսպանությունը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Մեծ Բրիտանիայի օրինակով Միացյալ Նահանգների դեսպանության բացման հավանականությանը, մասնավորապես նշել է. «Մենք Մեծ Բրիտանիայի հետ քաղաքական հարաբերություն ունեցել ենք, այլ է իրավիճակը Միացյալ Նահանգների դեպքում: Մեր ժողովուրդն ամերիկացիների քաղաքականության նկատմամբ որոշակի մտահոգություն ունի, պետք է նրանց քաղաքականությունը փոփոխության ենթարկվի, դեռևս շատ վաղ է խոսել Միացյալ Նահանգների դեսպանության բացման մասին»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրերս դեմոկրատ սենատորներին հղած նամակում, անդրադառնալով միջուկային խնդրի կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնությանը, նշել է, որ եթե Իրանը խախտի համաձայնագիրն ու ընթանա միջուկային զենք ձեռք բերելու ճանապարհով, ապա գործի կդրվի խնդրի լուծման ռազմական տարբերակը: Օբաման նաև հավելել է, որ տնտեսական ճնշումներն ու միջուկային ծրագրին չվերաբերող Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հատկապես «Հեզբոլլահին» ցուցաբերվող աջակցությանը վերաբերող պատժամիջոցները կպահպանվեն: